Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սասուն Սանդրոսյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
26-ամյա Սանդրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, վարձակալելով Եղեգնաձորի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում գտնվող բաղնիքների ու ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունը՝ սաունան, «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի «Նոյ» անվանվող նույնպիսի հաստատությունը և հյուրանոցը, 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հունիս պարբերաբար դրանք տրամադրել էր մարմնավաճառներ Սաթիկին, Զվարթին, Խոսրանուշին, Անուշին, Լալային, Սյուզաննային:
Վերջիններս իրենց հաճախորդների հետ նշված հաստատություններում զբաղվել էին պոռնկությամբ, իսկ Սանդրոսյանը, հաճախորդներին այդ կերպ գրավելով, տրամադրել էր սաունայի, հյուրանոցի ծառայություններ, կազմակերպել առևտուր և ստացել գույքային օգուտ:
2012 թվականի հոկտեմբերի 15-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ արագացված ընթացակարգով քննել էր Սանդրոսյանի գործը, ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հաստատված գնահատել նրա մեղքը:
Սասուն Սանդրոսյանը, որն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, դատապարտվել էր 3 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման:
Սանդրոսյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով իր պաշտպանյալին ենթարկել պայմանական դատապարտության:
Վերաքննիչ դատարանում մեղադրողն առարկեց բողոքի դեմ՝ նշելով, թե Եղեգնաձորը մաքրում են պոռնկատների վերածված սաունաներից, քանի որ այդ հանցատեսակի տարածման միտում կա տարածաշրջանում:
Արդեն իսկ երեք քրեական գործ է հարուցվել նույն սաունաներն ու հյուրանոցը որպես անառակատներ շահագործած «անհատ ձեռներեցների» նկատմամբ:
Մեղադրողը նախորդ դատական նիստին տեղեկացրեց, որ Սանդրոսյանի ու մյուս՝ արդեն նույնպես ամբաստանյալ «անհատ ձեռներեցների»կողմից «հյուրընկալված» մարմնավաճառները եղեգնաձորցի չէին, եկվորներ էին, նրանք արդեն հեռացել են այնտեղից:
Սանդրոսյանը հայտնեց, թե չի իմացել, որ իր կատարածը քրեական հանցագործություն է, ինքը պարզապես ընտանիք է պահել, գարեջուր, հյութեր, պահպանակներ, հազարից մեկ էլ ուտելիք վաճառել հաճախորդներին, նրանցից ստացել սաունայի և հյուրանոցի ծառայությունների վճարը: Դա է եղել իր «գույքային օգուտը»:
Սասուն Սանդրոսյանը, ով մեկուկես տարեկան երեխայի հայր է, կինը չի աշխատում, խնամքին են հիվանդ ծնողները, անկեղծորեն զղջում էր կատարվածի համար և խնդրեց ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկել իրեն, որ ընտանիքն առանց կերակրողի չմնա:
Նախորդ դատական նիստն ընդմիջվել էր, որ ամբաստանյալը տեղեկանք ներկայացնի ընտանիքի կազմի վերաբերյալ:
Սակայն անկախ նրա ընտանիքի կազմից, դատարանը եկավ այն համոզման, որ կատարած արարքին համաչափ կարող է լինել միայն իրական, ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելը:
Ի վերջո, Սանդրոսյանի հետևից շուտով վերաքննիչի «դուռը թակելու են» նմանատիպ գործով նույն ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչված ու դատապարտված ամբաստանյալները:
Սանդրոսյանի նկատմամբ սահմանված իրական պատիժը միայն, ըստ դատական երկու ատյանների, կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, վերականգնել սոցիալական արդարությունը և սաունաներին, միգուցե, վերադարձնել առողջարարական-հիգիենիկ նշանակություն ունենալու կորսված համբավը:
Դատարանը որոշեց մերժել վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով:
Սանդրոսյանը կալանքի տակ կառնվի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:









































