Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, սպանվել է նարկոդիլերների հրամանով՝ 1.5 միլիոն դոլար պարտքի պատճառով: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail թերթը, նման եզրակացության է հանգել երգչուհու մահվան հանգամանքները հետաքննող մասնավոր խուզարկու Փոլ Հուեբլը:
Հուեբլը պնդում է, որ իր մոտ գտնվում է տեսանյութ, որում երևում են երկու տղամարդ. նրանք, ըստ խուզարկուի, պարբերաբար այցելել են երգչուհուն Beverly Hilton հյուրանոցում: Հուեբլը ենթադրում է, որ հենց այդ մարդիկ կարող են սպանած լինել Հյուսթոնին: Բացի այդ Հյուսթոնի մարմնի վրա հայտնաբերված կապտուկները կարող են վկայել այն մասին, որ նրա մահից առաջ վեճ է տեղի ունեցել: Խուզարկուն, այնուամենայնիվ, նշել է, որ իր հավաքած հանցանշանները ուղղակիորեն չեն ապացուցում, որ Հյուսթոնը սպանվել է, սակայն կարող են հիմք հանդիսանալ հետաքննությունը վերսկսելու համար: Ներկա պահին նյութերը փոխանցվել են Հետաքննությունների դաշնային բյուրո:
Հիշեցնենք, որ 48-ամյա Հյուսթոնի մարմինը հայտնաբերվել է 2012թ. փետրվարին Լոս Անջելեսի BeverlyHilton հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում: Հետաքննության վարկածով՝ երգչուհին պատահմամբ խեղվել է լոգանք ընդունելիս: Փորձագետները որպես մահվան հավանական պատճառ նշում են սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը և կոկաինի օգտագործումը:
Հյուսթոնի մահից հետո ԶԼՄ-երում հակասական տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ բացի դեղամիջոցներից՝ երգչուհու սենյակում հայտնաբրվել են կոկաինի հետքեր: Հաղորդվում էր, որ երգչուհու սենյակից կոկաինը կարող էր դուրս բերել նրա նարկոդիլերը:







































