Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը տվյալներ է հրապարակել վերջին 10 տարիներին թուրքական բանտերում և ուղղիչ հիմնարկներում մահացած բանտարկյալների թվի մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող և Ջունջեիից ընտրված պատգամավոր Հյուսեին Այգյունը (որին ոչ վաղ անցյալում առևանգել էր PKK-ն) համապատասխան հարցով դիմել է նրան:
Էրգինի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 10 տարիներին Թուրքիայում մահացել է 1734 բանտարկյալ, որոնցից 89-ը՝ 2002 թվականին, 163-ը՝ 2003 թվականին, 54-ը՝ 2004 թվականին, 59-ը՝ 2005 թվականին, 157-ը՝ 2006 թվականին, 176-ը՝ 2007 թվականին, 211-ը՝ 2008 թվականին, 196-ը՝ 2009 թվականին, 252-ը՝ 2010 թվականին, 268-ը՝ 2011 թվականին:
Այս տարվա հուլիսի 18-ի դրությամբ մահացել է 109 բանտարկյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին: