2012թ. ընթացքում անցկացված վիճակահանությունների արդյունքներով շահած ՀԴՄ կտրոնների տիրապետողներին տրամադրվել է 180 ավտոմեքենա, 2400 հատ 6 ամսով անվճար ինտերնետ կապ ու մոդեմ և 1200 հատ բջջային հեռախոս: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով պարգևավճարները կտրամադրվեն 2013 թ. հունվարին:
Վիճակահանության կարգին համապատասխան՝ ՊԵԿ ներկայացվում են միայն վիճակահանությունների արդյունքներով 4 և ավելի նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները, որոնց քանակը 2012 թ. անցած 11 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 9000 հատ:
Թե ՀԴՄ կտրոնների շնորհիվ պետբյուջե մուտքերը որքան են ավելացել, կամ ստվերի ինչքան կրճատման մասին կարելի է խոսել, ՊԵԿ-ից պատասխանել են, թե քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելիս տրամադրված ՀԴՄ կտրոնի արժեքը ներառվում է ՀԴՄ ֆիսկալային հասույթների և հետևաբար հարկատուների իրացման շրջանառության մեջ: Տարեկան արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի գնահատել ՀԴՄ ֆիսկալային շրջանառությունների աճման միտումները:
Նշելով, որ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման համար պատասխանատվությունը սահմանված է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով և հետևաբար շահագործման կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, այդ թվում` տուգանքների տեսքով, ՊԵԿ-ից նաև հայտնեցին, որ 2012 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 4,680 դեպք, որոնցով առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 736.8 մլն դրամ:









































