ԱՄՆ-ի Օհայո նահանգի հրազենային ասոցացիան դասընթացներ է կազմակերպել, որտեղ նահանգի ուսուցիչներին կրակել կսովորեցնեն:
The Columbus Dispatch հրատարակչութան տվյալներով՝ կազմակերպության ներկայացուցիչներն այդպիսի քայլի են դիմել Կոննեկտիկուտի Սենդի Հուքի դպրոցում վերջերս տեղի ունեցած ողբերգության պատճառով:
Դասընթացը երեք օր կտևի: Այս պահին մասնակցել ցանկացողների թիվը 24-ն է: Կազմակերպիչները պատմել են, որ այդ միտքը վաղուց էր ծագել, քանի որ դպրոցների աշխատակիցներն աշակերտներին պաշտպանելու համար երկար ժամանակ խնդրում էին իրենց կրակել սովորեցնել:
Այժմ կազմակերպիչների գլխավոր խնդիրը հովանավորներ գտնելն է: Նրանք նշել են, որ «արժանի ներդրումները դասընթացները հասանելի կդարձնեն նահանգի ցանկացած ուսուցչի և դպրոցի աշխատակցի համար»:
Այս ծրագիրը ստացել է «Զինված ուսուցիչներ» անվանումը, որի կազմակերպիչներն առաջարկում են, որ դպրոցներում զինված պահակներ լինեն:









































