Չինաստանը Հոնկոնգում անկարգությունների հետ կապված՝ արգելափակել է անգլիական BBC լրատվական կայքը, հայտնում է Agence France-Presse-ը: Կայքը դադարել է չինացի օգտատերերի համակարգիչներում գործել կայքում առցանց հեռարձակման հայտնվելուց 4 ժամ հետո, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում փողոց դուրս եկած ուսանողներին:
BBC-ի համաշխարհային նորությունների բաժնի խմբագիր Փիթեր Հորոքսն անմիջապես այդ քայլն անվանել է «ցենզուրա» և ասել է, որ խմբագրությունը «կտրականապես դատապարտում է Չինաստանում տեղի ունեցողի վերաբերյալ նորությունների և տեղեկատվության ազատ հասանելիության ամեն տեսակ սահմանափակում»: «Մենք հրապարակում ենք ստուգված և վստահելի տեղեկություն մեր միլիոնավոր ընթերցողների համար, և այն, որ դրանց հասանելիությունը փորձում են սահմանափակել, լրացուցիչ անգամ ցույց է տալիս՝ որքան կարևոր է օբյեկտիվորեն արտացոլել այն, ինչ այնտեղ կատարվում է»,- ասել է Հորոքսը:
Ներկայումս Չինաստանում արգելափակված են մի քանի ԶԼՄ-ներ, ինչպես՝ The New York Times-ը և Bloomberg-ը, նաև Instagram սոցցանցը:









































