Եվրասիական միությանն անդամակցության հարցում ոչ իշխանական ուժերի միջև առկա տարաձայնությունների վերաբերյալ գնահատականներն ու մեկնաբանությունները հաճախ արժանանում են հակափաստարկի, թե ոչ իշխանական ուժերի համագործակցությունը ներքին հարցերի շուրջ է և արտաքին խնդիրներ չի ներառում, հետևաբար` այդ տարաձայնությունները անջրպետ չեն:
Պարզ է, որ այլ բան դժվար է ասել, երբ ոչ իշխանական քառյակից մեկը դեմ է արտահայտվում Հայաստանի անդամակցությանը, իսկ մյուսը դեմ արտահայտվողներին հռչակում է ջղաձգվողներ: Սակայն չմտնենք քառյակի ներքին հարաբերությունների տիրույթ, այլ դիտարկենք ընդամենը մոտեցումը, որը տարածված է ոչ միայն զուտ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասով, ոչ միայն այդ առումով քառյակի միջև տարաձայնությունները բացատրելու մասով, այլ ընդհանրապես` քաղաքական գործընթացների, դրանցում արձանագրվող ֆորմատների հանդեպ վերաբերմունքի և հանրային մատուցումների մասով:
Ներքին ու արտաքին քաղաքականությունը ընդամենը գերատեսչական բաժանում է, և այն չի կարող լինել քաղաքական գործընթացային բաժանում: Գործընթացային առումով կա քաղաքականություն, և այն ներքինի ու արտաքինի բաժանելը պայմանական է, չի կարող ունենալ բովանդակային «ինքնաբավություն»: Առավել ևս` այնպիսի երկրների պարագայում, որոնք միջազգային ասպարեզում չեն հանդիսանում նույնիսկ ռեգիոնալ տերություն և չունեն մեծ հավակնություններ, չեն տիրապետում մեծ ռեսուրսների և ստիպված են իրենց անմիջական ճակատագրի վերաբերյալ որոշումները կայացնել անխուսափելիորեն ավելի ուժեղ երկրների տրամադրությունները, շահերը, դասավորությունները և անգամ երրորդ ու չորրորդ երկրների միջև հարաբերությունները հաշվի առնելով:
Նման երկրներում, որոնց շարքում է նաև Հայաստանը, ներքին ու արտաքին քաղաքականություն չի կարող լինել, և հետևաբար` երբ դրվում են արդեն քաղաքական խնդիրներ, եթե ֆորմատները սոցիալական հարցերի լուծման համար չեն, այլ քաղաքական նպատակներ ու հռչակագրեր են մատուցում հասարակությանը, չեն կարող ներքին ու արտաքին հարաբերությունները բաժանել: Եվ առավել ևս այս բաժանումն անտրամաբանական է դառնում, երբ խոսքը վերաբերում է վերպետական կառույցի անդամակցությանը, ինչը նշանակում է նաև նման մակարդակում որոշումների կայացում և տարածում արդեն անդամ երկրների, պետությունների վրա, ընդհանուր կանոնների սահմանում:
Այսինքն` վերպետական կառույցի ձևավորումը, վերպետական տարածության, ընդհանուր հարթության ձևավորումը ինքնին ջնջում է ներսի ու դրսի սահմանները առնվազն այդ մասով և արդեն նույնիսկ ֆորմալ առումով վերացնում ներքին ու արտաքին քաղաքականության անգամ գերատեսչական բաժանումը: Եթե օրինակ` Եվրասիական միությունը որոշելու է տնտեսական կանոններ, որոնք պարտադիր են լինելու անդամ բոլոր երկրների համար, ապա սա ուղղակիորեն առնչվում է ներքին կյանքին, և հետևաբար այդ կյանքում քաղաքականությամբ զբաղվելով` անհնար է քաղաքականությամբ չզբաղվել առնվազն եվրասիական միության մակարդակում: Հետևաբար, երբ փաստարկ կամ հակափաստարկ է բերվում, որ դա ներքին հարց չէ, իսկ միավորումը և համագործակցությունը ներքին քաղաքականության շուրջ է, ապա այստեղ գործ ունենք կամ քաղաքական ոչ ադեկվատության հետ, կամ հանրությանը մոլորեցնելու և մանիպուլյացիայի փորձի:
Կարող է լինել, իհարկե, նաև երրորդ տարբերակ՝ գործ ունենք ոչ թե քաղաքական գործընթացի, այլ պարզապես ներհամակարգային հաշիվների պարզաբանման կամ համակարգին առավել մոտ և հասկանալի լեզվով ասած՝ «ռազբորկաների» հետ, որոնք, բնականաբար, կապ չունենալով քաղաքականության հետ, չեն կարող կապ ունենալ նաև Եվրասիական միությանն անդամակցության հարցում քաղաքական դիրքորոշման հետ, այդպիսով անիմաստ համարելով դրա վերաբերյալ դիրքորոշման ձևակերպումն ու մատուցումը հասարակությանն ու աշխարհին:
Քաղաքական որևէ գործընթաց, եթե այն քաղաքական է և եթե ադեկվատ է, չի կարող բաժանվել ներքին ու արտաքին քաղաքականության, առավել ևս, եթե հռչակվում է, որ այդ գործընթացի նպատակը իշխանափոխությունն է: Որովհետև իշխանափոխություն նշանակում է միաժամանակ նաև ապագա իշխանության համար պատասխանատվության ստանձնում, հայտի ներկայացում: Իշխանությունը քաղաքականության իրացման բարձրագույն աստիճանն է: Ինչպես է հնարավոր ներկայացնել իշխանության հայտ` մի կողմ թողնելով քաղաքականության արտաքին ոլորտը, առավել ևս, եթե դա վերաբերում է երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը անմիջականորեն առնչվող հարցերին ու որոշումներին:
Հետևաբար, երբ քաղաքական գործընթացի տարբեր դիրքորոշումների վերաբերյալ հանրային հարցադրումները բաժանվում են ներքին ու արտաքինի, սահմանազատվում են, ապա դա ոչ այլ ինչ է, քան հասարակության սահմանազատում իրականությունից՝ ավելորդ հարցերից և անհարմար հարցադրումներից խուսափելու համար:
Լուսանկարը՝ Photolure-ի












































