Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ ԿԳ նախարարի որոշման դեմ ուղղված` Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի հիման վրա անցկացվող վերջին դատավարությունը: Այսօր լրագրողների հետ հադիպմանը նա նախ` նշեց, որ իրեն նախկին ռեկտոր չի համարում, այլ համարում է ժամանակավոր հանգստի մեջ: Իսկ իր հետ կատարվածը ոչ միայն իր խնդիրն է, ի վերջո` Հայաստանում պետք է վերականգնվի Սահմանադրությունը:
Սուրեն Զոլյանը սեպտեմբեր ամսից Տալինի համալսարանում է աշխատել, որտեղ պրոֆեսորներից մեկի հետ լեզվաբանության գիրք են հրատարակել: Գիրքը թեև ռուսերեն լեզվով է, սակայն որպես լեզվաբանության գիրք` իր վաճառքով երկրորդ տեղում է:
Բացի այդ, հոդվածներ են հրապարակվել Մոսկվայում, Չեխիայում, Երևանում, Կալինինգրադում, Բուլղարիայում: Սուրեն Զոլյանը մասնակցել է երեք միջազգային խոշոր կոնֆերանսների: Ներկա է եղել հայագիտությանը նվիրված իններորդ կոնֆերանսին` Սանկտ Պետերբուրգում:
«Ինձ ինչ-որ ձևով վատություն էին ուզում անել, բայց փաստորեն լավություն արեցին, քանի որ ես զբաղվել եմ բացառապես գիտությամբ, մասնակցել եմ համապատասխան կոնֆերանսների. թեև մինչ այդ էլ զբաղվում էի գիտությամբ, բայց ժամանակ չկար վերջնական տեսք տալու»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Այս ընթացքում նա համոզվել է, թե որքան է հետ մնում մեր կրթական համակարգը միջազգային չափանիշներից` այն դեպքում, երբ ժամանակին մրցակցում էր: «Հիմնականում Տալինի համալսարանում եմ եղել, նաև` Ռիգայի, Տարտուի և Կալինինգրադի համալսարաններում»,- իր հաշվետվությունը ներկայացրեց Ս. Զոլյանը:
Այն լուրերը, թե Սուրեն Զոլյանը հեռացել է Հայաստանից, չեն համապատասխանում իրականությանը: Հաջորդ տարվա համար նա չունի կոնկրետ ծրագիր, ունի առաջարկություններ, բայց չունի հստակ պայմանավորվածություններ:
«Սա ոչ թե իմ աշխատանքի վերականգնման հարցն է, այլ արդարության վերականգնման, սահմանադրական կարգի վերականգնման հարցն է»,- ասաց նա` թվարկելով սահմանադրական խախտված հոդվածները, որոնց թվում են 83-րդ, 6-րդ, 39-րդ և մի շարք այլ հոդվածներ:
Նա նաև հավելեց, որ ամբողջ դատավարության ընթացքը տեսագրվել, ձայնագրվել է, իրենց հայցադիմումներին որևէ պատասխան չի տրվել, ավելին` նախարարության աշխատակիցները բացառապես անտեղյակ են եղել օրենքներից:
«Ես մտածում էի` գուցե ինչ-որ բան թույլ եմ տվել, բայց հիմա բոլորը կարող են համոզվել, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել պատվերի կատարում` առանց խորանալու, որ ես կպաշտպանեմ իմ իրավունքները»,- ասաց Սուրեն Զոլյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ո՞վ էր այս հանձնարարության պատվիրատուն, նա նշեց, որ ԿԳ նախարարությունը մինչև հիմա բուհերում նման ստուգումներ չի իրականացրել, մինչ այդ էլ չի իրականացրել, և մինչև նոյեմբերի 6-ն էլ նման ստուգումներ չի իրականացրել, ինչը վկայում է որոշակի վերաբերմունքի մասին.
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ես առաջին ռեկտորն եմ եղել, որ ստացել է նկատողություն գործուղման գնալու համար, և առաջին փորձագետը, որի գործունեությանը ակնհայտ ձևով միջամտել է կառավարությունը»,- ասաց նա` հիշեցնելով, որ Եվրոպական կոմիտեում երբ քննարկվել է փորձագետի հարցը, մեկը հիշել է, որ պատմության մեջ մի դեպք է եղել, երբ փորձագետին թույլ չեն տվել մեկնել Աֆրիկյան երկրներից մեկը, քանի որ ռազմական հեղաշրջում է իրականացվել, և օդանավակայանը մի քանի օրով փակ է եղել:
Եվրախորհրդի կոմիտեի որոշում կա արդեն, բայց ինքը չի ուզում սրել վիճակը, միգուցե պարոն Աշոտյանի համար վերջին շանսն է` մինչև վաղվա նիստը դարձի գալու, մինչև վաղը Սուրեն Զոլյանից ներողություն խնդրելու, ապաշխարելու որպես քրիստոնյա:
Իսկ այն, որ հեռացման առաջին օրերին հրապարակում էին, թե ինքը ԲՀԿ-ական է, սուտ տեղեկատվություն է:
Մեր այն դիտարկմանը, որ դա կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ շատ մտերիմ լինելու հանգամանքով, պատասխանեց. «88-ից Ռոբերտ Քոչարյանին ճանաչում եմ և մեծ հարգանքով եմ վերաբերվում: Ռոբերտ Քոչարյանի հետ մտերմությունը նշանակում է, որ մարդը համարվում է օրենքից դո˚ւրս, և իր վրա օրենքները չե˚ն տարածվում»,- ասաց նա:
Դուք Արմեն Աշոտյանի հետ անձնական խնդիր ունեցե˚լ եք` Սուրեն Զոլյանը խորհուրդ տվեց այս հարցը տալ Արմեն Աշոտյանին կամ նրա հոգեբույժին: Սա ընդամենը ախտանիշ է, երևույթ. «Ես պարոն Աշոտյանին շատ լավ պատկերացնում եմ եվրոպական երկրներից մեկի ամենաառաջնակարգ հյուրանոցում կարմիր գլխարկով` որպես բեռնակիր»,- ասաց նա:
Այս ամենի պատվիրատուն, Սուրեն Զոլյանի խոսքով, Արմեն Աշոտյանն է, քանի որ ինքն է հանձնարարական տվել այս մարդկանց ստուգումներ իրականացնել` առանց նայելու բոլոր փաստարկները:
Նա նշեց` եթե դատարանը արդարացի որոշում չկայացնի, բոլոր նյութերը կան, դիմելու են վերադաս ատյան` Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նա նաև հիշեցրեց, որ ապրիլի 17-ին է եղել իր հեռացման հրամանը, և արդեն ութ ամիս տևող դատավարության ելքը կորոշվի վաղը:









































