«Ես չեմ կարծում, որ 2008-ը կկրկնվի, որովհետև մենք ունենք, իհարկե, ժողովրդական մեծ դժգոհություն, բայց դժգոհությունը հեղափոխության վերածելու և ժողովրդին երկփեղկելու այդ պոտենցիալը այս անգամ բարեբախտաբար չեմ տեսնում»,- այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք եռյակի կազմակերպած հանրահավաքային ալիքը կարո՞ղ է նույնպիսի ազդեցությունը ունենալ, ինչ 2008-ի համաժողովրդական շարժումը:
Նրա խոսքով՝ գուցե նոր էսկալացիաներ լինեն, բայց բոլոր դեպքերում քիչ հավանական է, որ ժողովրդական այն թափը հասնի նրան, որը կար 2008-ին:
«2008-ին շատերի համար հետաքրքիր էր, որովհետև երկար ժամական ՀՀՇ-ն չկար, ընդհատակում էր, դժգոհություններ էին կուտակվել, և հաջողվեց որոշակիորեն շարժել ժողովրդին: Հիմա էլ բացասական տրամադրությունների իմաստով մենք շատ խոցելի վիճակում ենք, բայց մարդիկ հիմա համեմատականներ են անցկացնում, թե ինչ է կատարվում աշխարհում: Այսօր աշխարհաքաղաքական գործընթացները շատ ավելի լարված են, աշխարհը շատ ավելի փխրուն ու խոցելի է, քան 2008-ին: Ուկրաինայի օրինակը, արաբական գարունը աչքի առջև է, մարդիկ արդեն հասկանում են, որ որոշակի խայծեր կան, որոնք կուլ տալ չի կարելի»,- ասաց նա:
«Այսօր մենք չգիտենք՝ եթե հարթակում կանգնածները գան, ինչ կանեն: Ընդհանուր առմամբ կարելի է որոշակի կանխատեսում անել, որովհետև այսօր հարթակին կանգնածներից ոչ մեկը մեզ համար նորություն չէ: Այնուամենայնիվ, ես չեմ տեսնում 2008-ի փոթորիկի կրկնությունը, երբ մեր պետությունը ճռճռում էր: Խաղաղության պահպանումը մեզ այսօր օդ ու ջրի պես պետք է: Մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք: Աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ են լինում, որ եթե մեր ներքին կայունությունը թեկուզ մի քիչ կորցնենք, ուղղակի դատապարտված կլինենք»,- ասաց նա:
Հոգեբանը նշեց նաև, որ ներկայումս մարդիկ այդքան մեծ ոգևորությամբ չեն գնա շատ արմատական շարժումների: «Իհարկե, կան տրամադրություններ, որ որոշակի փոփոխություն պիտի լինի, բայց մյուս կողմից ընդդիմությունը շատ կարկառուն դեմքեր արդեն չունի, կրկնվող կերպարները այլևս նույն էֆեկտները չեն առաջացնում, իսկ նորերի հետ կապված կան բազմաթիվ թեր և դեմ դիրքորոշումներ: Ասել, որ հայտնվել է լիդեր, որի հետևից մարդիկ վստահելով, փակ աչքերով կգնան, ճիշտ չէ: Իհարկե կան խմբեր, որոնք գնում են այս կամ այն առաջնորդի հետևից, բայց դրանք զանգվածային չեն»,- համոզմունք հայտնեց Նալչաջյանը:
Հիշեցմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր քաղաքական հայտ է ներկայացնում և նախագահ դառնալու հավակնություն է դրսևորում, Նալչաջյանը պատասխանեց. «Հասարակության մի հատվածի համար Գագիկ Ծառուկյանը բացարձակապես անընդունելի է, բայց կա նաև հատված, որի համար ընդունելի է. այնպես որ մենք պիտի օբյեկտիվորեն ու ռեալ մոտենանք խնդիրներին, բայց ասել, թե նա համազգային լիդերի կերպար է, սխալ կլինի»:
Իսկ ընդհանրապես, լիդերն ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա, արդյոք Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է նման հավակնություն ունենալ՝ հաշվի առնելով նրա ինտելեկտը, անցյալը: Նշված հարցին հոգեբանը պատասխանեց. «Մարդիկ տարբեր հավակնություններ ունեն: Այլ խնդիր է, թե ինչ լիդերի կարիք ունի այսօր մեր ժողովուրդը: Մարդկանց հավակնություններն ակնհայտ են, բայց այն լիդերին, որը հասարակության համար պահանջված կլիներ, ես այսօր չեմ տեսնում»:
Դիտարկմանը, թե լիդեր չկա նաև գործող իշխանության մեջ, նա արձագանքեց. «Իշխանությունները միշտ և բոլոր երկրներում ավելի խոցելի են, որովհետև նրանց ձեռքին լծակներ կան, և անկախ նրանից, թե ինչպես են աշխատում, միշտ լինում են դժգոհություններ, ավել կամ պակաս, արդարացի կամ անարդարացի: Այսինքն՝ փոփոխությունների հույսը միշտ կապվում է ընդդիմադիր ուժերի հետ:
Հիշեցնենք, որ հոգեբան Կարինե Նալչաջյան 2008թ․ հանրահավաքներից հետո շրջանառության մեջ դրված հայտնի հոգեխանգարմունքի մասին թեզի հիմնադիրն է:











































