Զորակոչիկները հնարավորություն չունեն բողոքարկելու իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքները:
2012 թ. դեկտեմբերի 14-ին կազմակերպություն դիմած զորակոչիկ Գ. Վերանյանի ծնողի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացված խնդրի կապակցությամբ կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռևս գրության ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, իսկ զորակոչիկն արդեն մի քանի օր է, ինչ կանչվում է Վանաձորի զինկոմիսարիատ ծառայության զորակոչվելու նպատակով: Սակայն, ծնողը միանշանակ համաձայն չէ որդու առողջական վիճակի հետազոտության արդյունքների հետ, քանի որ, ըստ նրա, դրանք չեն համապատասխանում նրա առկա վիճակին:
Խնդիրը կայանում է նրանում, որ Գ. Վերանյանը դեռևս մանկուց ունի առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ ամեն օր առավոտյան արթնանալիս նրա մոտ առաջանում է ինքնազգացողության վատթարացում, սրտի զարկերի դանդաղում, որը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, գիշերային ժամերին, ըստ Հոլթեր հետազոտության, գրանցվում է րոպեում 32-36 զարկ: Երբեմն շատ ակնթարթային նրա մոտ սկսվում է հաճախասրտություն: Գրանցվում են ուշագնացության դեպքեր: Բացի այդ, ըստ ծնողի խոսքերի, նրան հակացուցված են համապատասխան դեղամիջոցներ ընդունել, իսկ ձմռան ամիսներին նրա մոտ նկատվում են առողջական խնդրի սրացումներ:
Գ. Վերանյանը հետազոտությունների արդյունքների հիման վրա նախկինում ստացել է տարկետում, սակայն այժմ նրան զորակոչում են ծառայության այն դեպքում, երբ նրա մոտ առողջական վիճակի որևէ փոփոխություն չի կատարվել. տարկետման 6 ամիսների ընթացքում նա չի ենթարկվել բուժման:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս արձանագրում է, որ զորակոչիկները կամ նրանց հարազատները զրկված են բողոքարկելու հնարավորությունից` չնայած կազմակերպության բազմաթիվ ահազանգերին, այն մասին, որ առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողները ծառայության մեծ մասն անց են կացնում կամ բուժկետերում կամ հոսպիտալներում: Ավելին, այդ ընթացքում նրանք չեն ստանում արդյունավետ բուժում, որը հանգեցնում է ավելի բացասական հետևանքների:
Այսպիսով, պահանջում ենք պաշտպանական գերատեսչությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Գ. Վերանյանի և նման խնդիրներով այլ զորակոչիկների առողջական վիճակի համալիր և օբյեկտիվ վերափորձաքննություն իրականացնելու հարցում մինչ նրանց զինված ուժեր զորակոչելը, հակառակ դեպքում նրանց առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:








































