Բաքվում չեղյալ է հայտարարվել Անդրեյ Մակարևիչի «Կրեոլյան տանգոյի նվագախումբ» համերգը, քանի որ տեղի իշխանությունը վախեցել է երաժշտի հնարավոր ուկրաինամետ ելույթներից: Այս մասին Մակարևիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Առայժմ մեր համերգները ոչ մի ուկրաինամետ ելույթ չի հարուցել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ Ամերիկայում»,- գրում է երաժիշտը:
Մակարևիչը բազմիցս բարձրաձայնել է Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, և այն արմատապես տարբերվում է «համընդհանուր ընդունված» պետական տեսակետից:
Մակարևիչի անվան շուրջ սկանդալը սկսվել է, երբ օգոստոսի 12-ին երգիչը ելույթ է ունեցել Սվյատոգորսկում ուկրաինացի փախստականների առջև:
Այդ համերգից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն առաջարկել է երգչին զրկել բոլոր կոչումներից ու մեդալներից՝ այդ համերգը համարելով աջակցություն Կիևի գործող իշխանություններին:
Դրանից հետո երգչի համերգները սկսեցին չեղարկել: Չեղյալ են հայտարարվել Սամարայում, Նովոսիբիրսկում, Տոմսկում, Սարատովում, Կրասնոյարսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում նախատեսված համերգները:









































