Թուրքիան և ԱՄՆ-ը դեռ համաձայնության չեն եկել միջազգային կոալիցիայի կողմից Ինջիրլիք ավիաբազայի օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնել են Թուրքիայի վարչապետի գրասենյակում, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը:
«Այդ հարցով նոր պայմանավորվածություն չկա: Բանակցությունները շարունակվում են»,- ասել են գրասենյակում: Միաժամանակ, կառավարությունում հաստատել են, որ կողմերը համաձայնություն ունեն, որ Թուրքիան կմարզի Բաշար Ասադի դեմ կռվող սիրիական ընդդիմությանը: «Այդպիսի պայմանավորվածություններ ԱՄՆ-ի հետ կան, բայց ինչպես և որտեղ կանցկացվի պատրաստությունը՝ առայժմ պարզ չէ»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն հրապարակվեց, որ Անկարան ԱՄՆ-ին խոստացել է Ինջիրլիք ավիաբազան տրամադրել ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու նպատակով թռիչքներ իրականացնելու համար:







































