Լոնդոնի մետրոյի մեքենավարները Նոր տարվա երկրորդ օրը՝ չորեքշաբթի, 24-ժամյա գործադուլ կսկսեն` ղեկավարությունից պահանջելով տոնական օրերին աշխատեցնելու համար հավելյալ աշխատավարձ վճարել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Aslef արհմիությունը տարիներ շարունակ փորձում է հասնել նրան, որ համազգային տոներին աշխատեցնելու համար մեքենավարներին կրկնակի աշխատավարձ վճարեն: Երրորդ տարին անընդմեջ արհմիության անդամների 90%-ը կողմ է քվեարկում դեկտեմբերի 26-ին, այսպես կոչված՝ «նվերների օրը» (Boxing Day), գործադուլ կազմակերպելու հարցին: Սակայն կառավարող Transport for London (TfL) կազմակերպությունը պնդում է, որ աշխատավարձը ներառում է տոնական օրերին աշխատելու վճարը:
Սա կլինի առաջինը այս ձմռան գործադուլների շարքում: Եվս երկու 24-ժամյա ակցիա կանցկացվի հունվարի վերջին ուրբաթ օրերին:
TfL-ը քաղաքացիներին խոստանում է, որ մետրոն կաշխատի առավելագույն հնարավորությամբ, սակայն զգուշացնում, որ կլինեն լուրջ ընդհատումներ: Քանի որ այդ օրը տրանսպորտն աշխատում է կիրակնօրյա չվացուցակով, գնացքների շատ գծեր ծրագրի համաձայն չեն գործի: Ամենածանրաբեռնված գծերում լրացուցիչ ավտոբուսներ կավելացվեն:
Տրանսպորտային ընկերությունը քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է անում հնարավորինս ոտքով տեղաշարժվել կամ հեծանիվ վարձակալել:
Նոր տարվա երկրորդ օրը Բրիտանիայում ավանդաբար շատ սպորտային իրադարձություններ են տեղի ունենում, և ցույցի պատճառով Arsenal և West Ham թիմերի միջև կայանալիք ֆուտբոլային հանդիպումը կհետաձգվի:











































