Մեծ Բրիտանիան կարող է քվոտաներ սահմանել ԵՄ երկրների ներգաղթյալների համար: Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Ջոնսոնի խոսքով՝ բնակչությունը զայրացած է ներկայիս իրավիճակից, քանի որ միգրացիոն համակարգը դուրս է եկել վերահսկողությունից:
Առաջարկվող միջոցառման օգնությամբ Պահպանողական կուսակցությունը մտադիր է պահել ընտրողներին, ովքեր «փախչում» են դեպի Անկախության կուսակցություն, որը ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցնում միգրացիոն հարցով: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Քաղաքապետի խոսքով՝ այդ կուսակցության կողմնակիցները ռասիստներ չեն, այլ պարզապես ցանկանում են վերջ տալ խելահեղությանն ու վերականգնել վերահսկողությունը սեփական սահմանների նկատմամբ:
Հովանավորները, ովքեր նախկինում ֆինանսավորել են պահպանողականներին, այժմ աջակցում են արագորեն ժողովրդականություն ձեռք բերող Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությանը: Այն հաղթել էր մայիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում՝ առաջ անցնելով պահպանողականներից ու լեյբորիստներից: Կուսակցությունը մտադիր է հաջողությունը կրկնել գալիք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:







































