Հանրապետական կուսակցությունն արդեն քեֆ-ուրախությունների շարք է սկսել: Երեկ սույն կուսակցության ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ ամանորը մինչև ուշ երեկո նշում էին «Ռենեսանս» համալիրում: Նախօրեին էլ Հանրապետականի ողջ վերնախավը հավաքվել էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին պատկանող ջազ-ակումբում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ բացակա էին միայն Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սա, ի դեպ, ՀՀ ազգային գրադարանին մերձ այգում գտնվող այն կառույցն է, որի շինարարության դեմ ժամանակին այդքան պայքարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ու չնայած, մեծ աղմուկին ու սկանդալին, այգու ծառերը հատվեցին, և Վաչոյի «օբյեկտը» կառուցվեց:
Միջոցառմանը ներկա անձինք «ՀԺ» թղթակցին հայտնել են, որ գեներալ Վաչիկ Ղազարյանի ջազ-ակումբն այնքան շքեղ է եղել, որ շատերը զարմացած են մնացել: Թե որտեղից Սերժի Վաչոյին այդքան փող, փորձեք կռահել ինքներդ: Ի դեպ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը սկսել է նաև ամանորի առթիվ ընդունելությունների շարքը: Երեկ, մասնավորապես, նախագահական նստավայրում հյուրընկալվել էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:









































