Բոլորովին վերջերս ԵԽԽՎ բյուրոյի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնություն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողով՝ ‹‹Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույց պատրաստելու նպատակով, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության խայտառակ ձախողման հերթական օրինակն է: Տեղի ունեցածը դեռ որևէ պարզաբանում չի ստացել հայկական պատվիրակության իշխանական ներկայացուցիչների կողմից, այնինչ ընդդիմադիր ՀԱԿ-ի և իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի ներկայացուցչի որակմամբ՝ դա իշխանությունների դիվանագիտական պարտությունն է:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների անունից զեկույց պատրաստելու որոշմանը հաջորդած՝ Հերմինե Նաղդալյանի ռուսերեն պատրաստած ելույթն էլ ավելի է բարդացրել հայկական պատվիրակության դրությունը, քանի որ ելույթի ավարտին անջատել են հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսափողը, սակայն նա շարունակել է կարդալ զեկույցը, որը նյարդայնացրել է պատգամավորներին, ովքեր սուլել են և պահանջել դադարեցնել ելույթը, քանի որ ելույթի համար նախատեսված է եղել 5 րոպե:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հերթական ձախողման մասին ճիշտ չէ խոսելը, քանի որ ԵԽԽՎ-ում այս զեկույցի հաստատմանը զուգահեռ հակաադրբեջանական զեկույցներ պատրաստելու մասին որոշումներ են կայացվել նախորդ շաբաթ Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղաքական հետապնդումների, ճնշումների վերաբերյալ:
«Մենք մոտիկից հետևում ենք ԵԽԽՎ աշխատանքներին, և ճիշտ չէ ասել, թե մեր պատվիրակությունը հերթական անգամ պարտություն է կրել: Եթե պարտության մասին պետք է խոսել, պետք է խոսել նաև հաղթանակների մասին: Քաղաքականության մեջ միայն հաղթանակներ ու միայն պարտություններ չկան: Այս ամենը Ադրբեջանի խավիարային դիվանագիտության արդյունքն է, այդ զեկուցաբերները Ադրբեջանի համար ամենաբարձր ձայնող լոբբիստներն են: Այս անգամ ևս հատուկ հանձնառությամբ Ադրբեջանի լոբբիստներն են, և մենք փաստեր ունենք այս կապակցությամբ:
Օկուպացված տերմինն Ադրբեջանն իր բոլոր բանաձևերի մեջ կիրառում է, սրանում ևս արտասովոր ոչինչ չկա: Լավ չէ նման զեկույցների պատրաստումը, բայց պետք է նշել, որ այդ անգլիացի զեկուցաբերը միակն էր, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում իր անհատական զեկույցը պատրաստեց այն մասին, թե Ադրբեջանը Նորվեգիայի նման ժողովրդավարական երկիր է, և դա մեծ ալիք բարձրացրեց: Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է, ուր որ ներկայացված է, որպեսզի իր Ալիևյան ներքին ռեժիմի կատարած խախտումները կոծկի զանազան եվրոպական ֆորումների ժամանակ: Սա մեր պատվիրակության հետ ամենևին կապ չունի:
Իշխանությունը՝ մեկ բան է, պատվիրակությունը՝ մեկ այլ. հավանում ենք թե ոչ՝ ճիշտը ճիշտ ասենք: Չէ՞ որ ԵԽԽՎ-ն կարող է զեկույց պատրաստել, բայց դա չունի որևէ իրավական ուժ, պարզապես Ադրբեջանն այն կփորձի օգտագործել իր շահերի համար և ասել, թե՝ տեսեք, այսպիսի մի զեկույց կա: Իսկ մենք կարող ենք հարյուրավոր այլ զեկույցներ մատնանշել. ԵԽԽՎ-ն այլ բանաձևեր ևս անցկացրել է»,- նշեց նա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասաց, որ իշխանամերձ շրջանակները հերթական անգամ կփորձեն տեղի ունեցածը բացատրել ադրբեջանական «խավիարային դիվանագիտությամբ»: Սակայն կատարվածը, նրա խոսքով, ոչ միայն պատվիրակության, այլև պետության ձախողումն է` վարչակարգի մեղքով:
«Անգամ եթե զուտ պատվիրակության կազմի, պատրաստվածության մակարդակի տեսանկյունից նայենք (չնայած դա չափազանց պարզունակ մոտեցում է), խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն համապատասխան պատրաստվածությամբ պատգամավորներ չունի. մականունավորներին չհաշված՝ այնտեղ քանի՞ մարդ է մնում: Կարծում եմ՝ հնարավոր չէ շրջանցել խնդրի հիմնական բաղադրիչը, այսինքն՝ ՀՀԿ-ի բնույթը` որպես իշխանությունը բռնազավթած, պետական ապարատն իր շահերին ծառայեցնող կազմակերպված խմբավորում:
Այդպիսով, Հ.Նաղդալյանի պատրաստվածության, ելույթի բովանդակության կամ ռուսերեն խոսելու (ինչն իհարկե դրական ազդեցություն չի ունեցել) խնդիրը երկրորդական է: Նրան պատգամավոր, այնուհետև պատվիրակության ղեկավար դարձրած ողջ իշխանական մեքենան է պատասխանատու` Ս.Սարգսյանի գլխավորությամբ, չնայած նա նախընտրում է ձևացնել, որ որոշ գործընթացների հետ կապ չունի (ինչպես օրինակ՝ Ս.Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելիս)»,- ասաց քաղաքագետը:
Վերջինիս համոզմամբ՝ խնդիրն իրականում ավելի բազմաշերտ է: «Եվ հաջորդ հարցը հետևյալն է. որքանո՞վ է հավանական, որ Հ. Նաղդալյանն այդպիսի ելույթ է ունեցել` առանց խորհրդակցելու կամ հրահանգ ստանալու: Արդյոք հավատո՞ւմ ենք, որ դա իր մակարդակն է: Կարծում եմ, որ Հայաստանի համար անբարենպաստ զեկույցի հրապարակումը միայն կնպաստի ռուսական ճնշման ուժեղացմանը` «խաղաղարարների» տեղաբաշխման նպատակով: Չմոռանանք, որ մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ օգոստոսյան սրացումը և Սոչիում նախագահների հանդիպումը, արդեն նպատակաուղղված էին Մինսկի խմբի վարկաբեկմանը և Ռուսաստանի կողմից միակողմանի միջամտության հնարավորության ստանալուն: Բացի դրանից՝ հաջորդ տարվանից Ռուսաստանը կարող է զրկվել ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից, և այդ դեպքում անպայման կձգտի, որ Հայաստանն էլ նվազագույնի հասցնի հարաբերությունները եվրոպական կառույցների հետ` հույսը կապելով բացառապես Ռուսաստանի հետ»,- նման տեսակետ հայտնեց Արմեն Գրիգորյանը:









































