Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ, WikiLeaks-յան բացահայտումներում 2007 թվականի հունվարի 30-ին թվագրված փաստաթղթում նշված էր, որ այդ օրը տվյալ ժամանակ Ստամբուլում ամերիկյան հյուպատոս Դեբորա Կ. Ջոնսը մի հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն:
Դրանում նկարագրել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին հայկական «Ագօս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ու ամերիկացի դիվանագետների հանդիպումը.
«Թուրքիայի հայերի իրավապաշտպան Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր Թուրքիայի համար: Մեր դեսպանության ու հյուպատոսության աշխատակիցները հաճախ հանդիպումներ էին ունենում նրա հետ: Դրանցից վերջինը գրանցվեց 2006 թվականի նոյեմբերի 14-ին, երբ Ստամբուլում էին գտնվում ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի աշխատակիցները:
Այդ հանդիպման ժամանակ Դինքն ուշագրավ հայտարարություն արեց` նշելով, որ պատմական բացասական հուշերի պատճառը ոչ թե կրոնն է, այլ` ազգայնականությունը: Կրոնական ազատությունները չպետք է սահմանափակվեն միայն եկեղեցիներով, դպրոցներով ու աղոթարաններով:
Ես մի քիչ դեմ եմ, որ ազգային փոքրամասնությունները դիտարկվեն որպես կրոնական փոքրամասնություններ: Հայերն այս հողում ապրել են 4000 տարի, սակայն դժբախտաբար, այժմ վերածվել են կրոնական համայնքի: Դա անընդունելի է:
Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կազմող թուրքերը չեն ընկալվում որպես կրոնական համայնք, ինչը չի կարելի ասել ազգային փոքրամասնությունների մասին:
Այժմ Թուրքիայում բնակվող 60.000 հայերը դիտարկվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:
Պետությունը նրանց ընկալում էր որպես անվտանգության սպառնալիք, սակայն այսօր նրանց թվաքանակն այնքան փոքր է, որ այլևս նրանք սպառնալիք չեն համարվում:
Գոյություն ունի մեծ տարբերություն ներկայիս Թուրքիայի ու 30 տարի առաջվա Թուրքիայի միջև: 30 տարի առաջ վարչապետ Էրբաքանը քրիստոնյաներին ընկալում էր որպես թշնամիների, իսկ Արևմուտքի ժողովուրդներին` գյավուրի (անհավատ): Այսօր Թուրքիայի միակ իրական աշխարհիկ քաղաքական ուժն Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) է, որի գործունեության հիմքում ընկած է իսլամը: ԱԶԿ-ն ամրապնդում է մեր կապերն Արևմուտքի հետ, իսկ ազգայնականները մնացել են երկրորդ պլանում»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը հայտարարել է. «Մի ժողովրդի, որը 4000 տարի ապրել է իր հարազատ հողի վրա, թեկուզ ոսկե օդանավերի մեջ դնես ու տեղափոխես մեկ ուրիշ վայր, դա դարձյալ ցեղասպանություն է, որովհետև այդ ժողովրդին իր հողից ես կտրում, իր արմատից ես կտրում, էլ չեմ խոսում մեկուկես միլիոն անմեղ մարդկանց գազանաբար ոչնչացնելու մասին»:







































