Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կարող է հանդիպել Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում, որը տեղի է ունենալու 2013 թվականի հունվարի 23-27-ը:
Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով՝ Իվանիշվիլին վախենում է, որ իր կտրուկ քայլերը կուժեղացնեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դիրքերը: Ընդ որում, Իվանիշվիլին ընդգծել է, որ դեռ որևէ նախադրյալ և պայմանավորվածություններ չկան, որ հանդիպի Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի հետ:
Վրացական GHN լրատվական գործակալության փորձագետ Նիկա Իմնաիշվիլին կարծում է, որ Մոսկվան ու Թբիլիսին որոշել են փորձարկել թշնամական հռետորիկային վերջ դնելու մարտավարությունը և խորհրդանշական քայլեր ձեռնարկել արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխման հարցում՝ առանց արմատական փոփոխությունների:
Նրա կարծիքով՝ Մոսկվան պատրաստ էր ավելի առաջ գնալու, սակայն Իվանիշվիլին դեռ պատրաստ չէ դրան, քանի որ վախենում է, որ յուրաքանչյուր կտրուկ շարժում զգալիորեն կուժեղացնի իր թշնամու՝ Միխեիլ Սաակաշվիլիի դիրքերը: Ուշագրավ է, որ Սաակաշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ մնալու է մեծ քաղաքականությունում անգամ 2013 թվականի աշնանն իր լիազորությունների ավարտից հետո:







































