McDonald’s-ը Թաիլանդում ժամանակային սահմանափակումներ կմտցնի իր ռեստորանների հաճախորդների համար,- գրում է «Կոմերսանտ»-ը:
Այսուհետ սեղան զբաղեցնել կթույլատրվի մեկ ժամից ոչ ավելի: Այս կերպ արագ սննդի ցանցը որոշել է պայքարել մի քանի ժամ սեղան զբաղեցնող և այն որպես իրենց աշխատավայր օգտագործող հաճախորդների դեմ:
Այս շաբաթ McDonald’s-ի թաիլանդական McThai մասնաճյուղն արդեն հայտարարել է իր արագ սննդի ռեստորաններում նոր կարգի մասին:
Այս որոշման պատճառն այն է, որ շատերը սեղաններն օգտագործում են որպես իրենց աշխատավայր, ուսանողները ժամերով նստում են նոթբուքերի առաջ:
Թաիլանդում McDonald’s-ի կորպորատիվ կապերի գծով տնօրեն Սայչուն Սուբմակուդոմի խոսքով՝ ընկերությունը հարցում է անցկացրել: Հարցվածներից 1370-ը դրականորեն են արտահայտվել նորամուծության վերաբերյալ:
Նոր կանոնների համաձայն՝ ընկերությունը նաև իրավունք կունենա վերցնել ցանկացած իր, որը կթողնեն ազատ սեղանը զբաղեցնելու համար:








































