Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող՝ Աշոտ Մանուկյան:
2014 թվականի հուլիսի 22-ի դատավճռով 24-ամյա Վահե Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քերական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը վերջին հաշվով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:
Ըստ դատական ակտի՝ Վահե Ղուկասյանը Գյումրիի բնակիչ Հարություն Խաչատրյանին՝ «Քավոր Հարութին» ցանկացել է սպանել «գործով չպարզված շարժառիթով»:
Այդ նպատակով նա 2013 թվականի ապրիլի 23-ի առավոտյան իր հետ վերցրել է ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող հրազենը՝ ինքնաձիգ, ատրճանակ, փամփուշտներ:
Վահե Ղուկասյանը, ըստ դատական ակտի, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «առնվազն» երեք անգամ կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով նաև նրա երեխայի կյանքը:
Հարություն Խաչատրյանը վնասվածքներ է ստացել՝ աջ վերին վերջույթի՝ բազուկոսկրի բազմաբեկոր կոտրվածքով հրազենային միջանցիկ վնասվածք, աջ այտի շրջանի՝ բերանի խոռոչ թափանցող և ծնոտի ոսկրերի վնասումով հրազենային կույր վնասվածքներ, ձախ սրունքի շոշափող գնդակային վնասվածքներ: Խաչատրյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Դատական ակտի համաձայն՝ Հարություն Խաչատրյանին սպանելու իր դիտավորությունը Վահե Ղուկասյանը չի կարողացել իրականացնել, որովհետև «Մերսեդեսի» ղեկին նստած Արտյոմ Կարապետյանը՝ «Շեկոն», իր մոտ պահվող ատրճանակը ձեռքին իջել է մեքենայից՝ ընկերոջն ու նրա երեխային պաշտպանելու նպատակով: Նա «անհրաժեշտ պաշտպանության վիճակում» կրակել է Ղուկասյանի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:
Վահե Ղուկասյանն իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է Արտյոմ Կարապետյանի վրա: Ստացած վնասվածքներից Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, դիտավորյալ սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի մեղադրանքներով արդարացնել Վահե Ղուկասյանին ու ճանաչել անպարտ, իսկ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար սահմանել մեղմ պատիժ:
Հայկ Ալումյանն այսօր շարունակեց ներկայացնել իր վերաքննիչ բողոքը:
Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում վկաների տված ցուցմունքները համընկնում են Վահե Ղուկասյանի ցուցմունքին՝ որ առաջինը կրակել են Վահեի վրա:
Յոթ վկաները պատճառ չունեին Վահեին վերցնելու իրենց պաշտպանության տակ՝ ինչպես եզրակացրել է դատարանը:
Վահեի ստացած վնասվածքն այնպիսին է, որ եթե մի քանի սանտիմետր շեղ լիներ կրակոցը, նա կմնար սայլակին գամված:
Վահեն տուժողին մահ է պատճառել իր վրա կատարված զինված հարձակման ժամանակ: Այդ պարագայում նա քրեական պատասխանատվության ենթակա չէ: Նրա մեղքն այն է, որ պաշտպանվել է ու պաշտպանվելիս ավելի դիպուկ է կրակել, քան «Շեկոն»:
Հարություն Խաչատրյանի վրա Վահեի կողմից կրակելու շարժառիթի առկայությունը հերքված է՝ ասաց պաշտպանը:
Այն գնդակը, որ մտել է Խաչատրյանի արմունկի մեջ, ապա դուրս է եկել ու մտել ծնոտի շրջանից՝ բերանի խոռոչ՝ պաշտպանի վարկածով՝ հետացատկով՝ ռիկոշետով թռած գնդակ է եղել:
Դա հաստատում է նաև Վահե Ղուկասյանի ցուցմունքը, որ տուժող Հարություն Խաչատրյանին դեպքի վայրում չի տեսել, նրա վրա չի կրակել:
Խաչատրյանի երեխայի ներկա գտնվելը, հոր կողքին լինելը էական դեր է խաղացել Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հարցում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հանցանքի կատարում:
Երեխան նշել է, որ հոր ընկնելու պահին եղել է նրա կողքին: Հայրն էլ է նմանատիպ ցուցմունք տվել:
Պաշտպանն ընդգծեց, որ հոր ցուցմունքից հետո երեխան այլ ցուցմունք տալ չէր կարող, տանը չէին կարող քննարկած չլինել: Երեխան չէր կարող հակասել հոր ցուցմունքին: Նա դեպքից տևական ժամանակ անց դեպքը նկարագրել է ճիշտ հոր նման: Տասնմեկամյա երեխան հոր տեսակետը լսելուց հետո այլ կերպ նկարագրել չէր կարող:
Պաշտպանն ընդգծեց, որ առաջին անգամ հարցաքննվելիս երեխան այլ կերպ է նկարագրել. «Շեկոն կանգնեցրեց մեքենան, ես գնացի դեպի խանութ՝ պաղպաղակ գնելու, ճանապարհին լսեցի գմփոցներ՝ երկու հատ»: Այս ցուցմունքը երեխան տվել է դեպքից ժամեր անց, երբ նրա վրա չէին ազդել հոր ասածները:
Դատարանում անչափահաս վկան չի հարցաքննվել, առկա հակասությունը չի պարզաբանվել: Դատարանը պիտի հիմնվեր նրա առաջին ցուցմունքի վրա: Չփարատված կասկածը պետք է մեկնաբաներ հօգուտ ամբաստանյալ:
Երեխայի մայրն ասել է՝ իմ ենթադրելով է, որ երեխան կրակոցներից վախեցել ու փախել է խանութ, երեխան նման բան չի ասել:
Պաշտպանը եզրակացրել է, որ երեխան կրակոցների պահին եղել է խանութի ճանապարհին, նա կանգնած չի եղել հոր կողքին, արդյունքում նրա կյանքն իրական վտանգի տակ չէր:
Պնդելով իր բողոքի պահանջները՝ պաշտպանն ընդգծեց, որ դատավճիռը հիմնված է ենթադրությունների վրա: Դատարանը չի ղեկավարվել անմեղության կանխավարկածի սկզբունքով: Դատարանը սխալ հետևության է հանգել գործի պարագաների ու հանգամանքների վերաբերյալ, և Վահե Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որոնք չի կատարել:
Վահե Ղուկասյանը բառախաղի պես ասաց. «Չխփեին, չէի խփի»: Այսինքն՝ որ գործել է ինքնապաշտպանության վիճակում: Ուրիշ բան չավելացրեց:
Դատախազն առարկեց պաշտպանական կողմի բերած բողոքի դեմ:
Նա նշեց՝ որպես կրակոցների պատճառ՝ մեքենաների վազանցն է նշել նախաքննական ցուցմունքում Վահե Ղուկասյանը, սակայն, ըստ մեղադրողի, դա չի բխում գործի հանգամանքներից:
Նախաքննության տասն ամիսներին Վահեն նույն բանն է ասել, հետո ծանոթացել է գործի նյութերին, փորձագետների եզրակացություններին ու հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից՝ մեղադրող Շիրոյանը դեռ իր խոսքի առաջին էջն էր ընթերցում, երբ միջամտեց նախագահող Գագիկ Ավետիսյանը:
«Մեղադրական ճառն եք ասում, ես ուզում եմ բողոքի դեմ պատասխան ներկայացնեք: Պաշտպանը քսան թերթ մանր տառերով պատճառաբանություններ է բերել, դրանց հերքումը կուզեինք լսել կետ առ կետ… ուզում եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք…»:
Դատարանը ժամանակ տրամադրեց, որ մեղադրողը մեղադրական ճառը համադրի պաշտպանի բողոքի հետ ու բողոքի դեմ առարկի ըստ էության՝ «նկատի ունենալով գործի բարդությունն ու հնչեղությունը»:
Մեղադրողը համաձայնեց, չնայած այդ «համադրումը» արդեն իսկ պիտի կատարված լիներ նրա խոսքում:
Նախագահողը հորդորեց կողմերին համաձայնության գալ ու հաջորդ նիստը շատ չուշացնել, քանի որ «տիկին Դարբինյանը ամսի քսանից հետո թոշակի է գնալու, ժամկետը լրանում է, այս գործի քննությունը եթե շատ հետաձգվի, նորից ենք սկսելու, կազմը փոխվելու է»:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննում է հետևյալ կազմով՝ Գագիկ Ավետիսյան, Եվա Դարբինյան, Արշակ Խաչատրյան: Կազմի մեկ դատավորի փոխվելը կհանգեցնի բողոքի քննությունը նորից սկսելուն:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի14-ին:









































