Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ պատասխանել է իրանական կողմի հայտարարություններին՝ կապված թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման հետ:
Հիշեցնենք, որ Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել էր, որ եթե տեղակայվեն Patriot համակարգերը, ապա դա կրող է առաջ բերել Երրորդ համաշխարհային պատերազմ: Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել է.
«Նախ մեզ հետաքրքիր է, թե Իրանի գլխավոր շտաբի պետն ում անունից և ինչ նպատակով է խոսում: Երբ մենք խոսեցինք Իրանի նախագահի հետ, նա ասաց, որ գլխավոր շտաբի պետն արտահայտում է իր սեփական մտքերը, և որ իրենք այդպես չեն կարծում: Հետո մեկ ուրիշն անում է այլ հայտարարություն:
Այլ կերպ ասած՝ անհասկանալի է, թե ով ում անունից և ինչ նպատակով է հայտարարություն անում, թե ում հայտարարությունն է հանդիսանում այդ երկրի դիրքորոշումը: Իրանում բոլորը հանդես են գալիս հայտարարություններով:
ՆԱՏՕ-ն է ապահովում իր անդամ երկրների տարածքների պաշտպանությունը»:







































