Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը 2013 թվականի հունվարի առաջին կեսին մեկնելու է աֆրիկյան շրջագայության, որի շրջանակներում նա պաշտոնական այցեր է կատարելու Գաբոն, Նիգեր և Սենեգալ: Այս մասին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Էրդողանը հունվարի 7-ին այցելելու է Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլ, ուր հանդիպելու է այդ երկրի նախագահ Ալի Բեն Բոնգոյի և վարչապետ Ռայմոն Նդոնգ Սիմայի հետ: Էրդողանը նաև ելույթ է ունենալու Գաբոնի խորհրդարանում:
Հունվարի 8-ին Էրդողանը ժամանելու է Նիամեյ, ուր հանդիպելու է Նիգերի նախագահ Մահամադու Իսսուֆուի հետ: Նա նաև մասնակցելու է երկու երկրների պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին: Էրդողանի սենեգալյան այցն էլ տեղի է ունենալու հունվարի 9-11-ը: Հունվարի 10-ին Էրդողանը հանդիպելու է Սենեգալի նախագահի ու վարչապետի հետ:
Էրդողանի աֆրիկյան շրջագայության շրջանակներում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:









































