Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ դադարեցնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու (ԲԹԿ) կառուցումը.
«Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել ԲԹԿ-ի կառուցումը: Ընդհակառակը, մենք մտադիր ենք նպաստել դրա կառուցմանը: ԲԹԿ-ի նախագծի իրագործումը շատ հետաքրքիր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, սակայն կան հարցեր տնտեսական պլանում: Նոր երկաթուղու կառուցումը կարող է առաջացնել բեռների հոսք վրացական նավահանգիստներից և բուն Վրացական երկաթուղուց:
Դրա համար էլ մենք պետք է խորհրդակցենք մեր հարևանների և առաջին հերթին Ադրբեջանի հետ: Գումարներ են ծախսվում Վրաստանի երկաթուղու զարգացման վրա, և դա առաջացնում է որոշակի հարցեր: Իմ հարցերը հասել են հասցեատիրոջը, և մենք կքննարկենք այդ հարցերը: Կան բազում հարցեր այդ նախագծի շուրջ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 26-ին իմ Բաքու կատարելիք այցի ժամանակ»:








































