ԱՄն նախագահ Բարաք Օբաման երեկ հատուկ հեռուստաուղերձով դիմել է ԱՄՆ քաղաքացիներին` ներկայացնելով Լիբիայում պատերազմ սկսելու ամերիկյան վարչակազմի որոշման դրդապատճառները: Օբաման ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանում: Այն հեռարձակվել է ամերիկյան գրեթե բոլոր հեռուստաալիքներով:
Նա նշել է, որ ԱՄն չէր կարող հրաժարվել կոալիցիային մասնակցելու գաղափարից, քանի որ «դա դավաճանություն կլիներ ինքներս մեզ: Որոշ երկրներ կարող են աչք փակել չարագործությունների վրա, որոնք տեղի են ունենում մյուս երկրներում: Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդպիսին չէ»,- հայտարարել է Օբաման:
Նա միջազգային կոալիցիայի գործողությունները բնութագրել է որպես «սպանդի կանխման փորձ», որը սպառնում էր տարածաշրջանին: Նա հատկապես շեշտել է այն փաստը, որ մարտի 30-ից հրամանատարությունը կանցնի ՆԱՏՕ-ին, և ամերիկյան հարկատուների ծախսերը Լիբիայում զգալիորեն կկրճատվեն: