ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է Այդահո նահանգի հանրապետական սենատոր Մայքլ Կրապոյին: Նրան մեղադրում են անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Նա անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով, ինչից հետո ոստիկանները կանգնեցրել են օրինախախտին: Անցկացված ալկոհոլային թեստը ցույց է տվել ձերբակալվածի արյան մեջ սպիրտի առկայությունը»,- հայտնել են տեղի ոստիկանները:
Ներկայում 61-ամյա սենատորը 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա գործով դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 4-ին:
«Ես խորապես ցավում եմ կատարվածի համար: Ես սխալ եմ թույլ տվել, ինչի համար ներողություն եմ հայցում իմ ընտանիքից և իմ ընտրողներից»,- ասված է նրա տարածած հատուկ հայտարարության մեջ: Հանրապետականը վստահեցրել է, որ նման բան այլևս չի կրկնվի:
Ամերիկյան օրենքների համաձայն՝ առաջին անգամ անսթափ վիճակում ձերբակալված վարորդը տուգանվում է 300 դոլարով, կես տարով զրկվում վարորդական իրավունքից: Կրկնակի խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել 10 հազար դոլարի: Այդ դեպքում սպառնում է նաև 6 ամսվա ազատազրկում:









































