Եվրամիության երկրների տարածքում կարգելվեն մենթոլային ծխախոտները: Բացի այդ` սովորական ծխախոտատուփի վրա ավելի շատ ահաբեկող պատկերներ կլինեն` գրում է Odnoy-strokoy-ը:
«Հակածխախոտային հրահանգ»-ի այսպիսի նախագծով չորեքշաբթի հանդես է եկել եվրահանձնաժողովը: Նոր օրենքները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն 2016թ.-ից:
Առողջության հարցերով եվրոպական լիազոր, Մալթայի ներկայացուցիչ Տոնի Բորգը, մեկնաբանելով այս նորարարությունը, ասել է, որ ծխելը չի արգելվում, ուղղակի այն մարդկանց համար դառնում է պակաս գայթակղիչ:
Ամեն տարի ծխախոտից մահանում է 700 հազար մարդ, իսկ ծխողների բուժման համար ծախսվում է տարեկան 25 մլրդ եվրո: Օրինական ուժ ստանալուց առաջ օրենքը պետք է հաստատվի եվրոգոտու երկրներում, այն պետք է հաստատի նաև Եվրախորհրդարանը:
Կարգելվեն ոչ միայն մենթոլային, այլև ցանկացած այլ գայթակղիչ բույր ունեցող ծխախոտները, քանի որ հենց դրանք են գրավում երիտասարդությանը: