Ամերիկյան խոշորագույն մեգապոլսում վերջին 11 տարում ծանր հանցագործությունների թիվը նվազել է 32 տոկոսով: Այս մասին այսօր հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը,- փոխանցում է ITAR-TASS-ը:
«Հասարակական անվտանգության ապահովումը մեր վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն է, և դրա վրա ենք մենք կենտրոնացել հենց սկզբից» (Բլումբերգը ղեկավարում է Նյու Յորքը 2002 թվականի հունվարի 1-ից.- 1in.am),- ասել է նա:
«Վերջին 11 տարիներին մեզ հաջողվել է կրճատել ծանր հանցագործությունների թիվը 32 տոկոսով: Այս տարի, հավանաբար, քաղաքում սպանությունների թիվը կհասնի 1963 թվականի վիճակագրական հաշվարկի մեկնարկից ի վեր ամենացածր նշագծին»,- հավելել է Բլումբերգը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Փոլ Բրաունը, ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ը մտել է Նյու Յորքի ժամանակակից պատմության մեջ որպես օր, երբ խոշորագույն մեգապոլիսում չի իրականացվել բռնության կիրառմամբ ոչ մի հանցագործություն:
Բրաունի խոսքերով՝ այս տարի սպանությունների թիվը, անցած տարվա համեմատ, նվազել է 23 տոկոսով: 2012-ին տեղի է ունեցել 366 դեպք, իսկ 2011-ին՝ 472:









































