Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, Իրաքում գտնվող վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով Իրաքի Ազգային մեջլիսում, անդրադարձել է Հյուսիսային Իրաքում բազավորված ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությանը.
«Մենք չենք ցանկանում, որ այսուհետ նույնպես Թուրքիայի և Իրաքի միջև հիմնական քննարկման առարկան շարունակի հանդիսանալ PKK-ն: Մեր երկրի ներսում մենք աշխատում ենք ազգային միասնության ու եղբայրության նախագծի վրա, ուր բացառված են ահաբեկչական դրսևորումները:
Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք PKK-ի գործունեության դեմ ստեղծված եռակողմ մեխանիզմը (ԱՄՆ, Թուրքիա, Իրաք): Ահաբեկչությունն Անկարայի ու Բաղդադի ընդհանուր թշնամին է»:
Հիշեցնենք, որ դեռևս Սադամ Հուսեյնի օրոք Բաղդադի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ թուրքական ստորաբաժանումները կարող էին Իրաքի տարածքում «տաք հետքերով» հետապնդել քուրդ զինյալներին:
Ընդ որում՝ իրաքցի զինվորականները հաճախ մոռանում էին այդ համաձայնության մասին` խանդավառությամբ չընդունելով սեփական տարածքում թուրք գործընկերների նմանօրինակ քայլերը:








































