Իտալիայում պետությանը պատկանող հարյուրավոր շինություններ, այդ թվում` բանտեր, զորամասեր ու մշակույթի հուշարձաններ, վարձով կտրվեն:
Իտալիայի կառավարությունը այդկերպ մտադիր է միջոցներ գտնել իր պարտքերը վճարելու համար: Իշխանություններն արդեն ընտրել են 350 շինություն, որոնցից կսկսվի ծրագրի իրականացումը, հաղորդում է Euromag-ը` հղում անելով Le Figaro-ին:
Նախատեսվում է ընդհանուր առմամբ վարձով տալ 4300 կառույց, որոնց թվում կա նաև միջնադարյան ամրոց:
Վարձով տալը խնդրի ամենամարդասիրական որոշումն է, որը թույլ կտա պահպանել պատմական հուշարձանները: Անգամ 50 տարով վարձով տալը դրանք վաճառելուց անհամեմատ լավ տարբերակ է` հաշվի առնելով անշարժ գույքի բարձր գները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր իտալական իշխանությունների` ամրոցներն ու պալատները վաճառելու մասին: Վաճառքի ենթակա օբյեկտների ցանկում կային Ապենինների խոշորագույն քաղաքներում գտնվող պատմական պալատները, ներառյալ Պալացո Դիեդոն Վենետիկի Մեծ ջրանցքում ու Օրսինի հայտնի ընտանիքին պատկանող ամրոցը:
Կառավարության պլանի համաձայն` այդ շինությունները վարձով տալու արդյունքում հնարավոր կլինի տարեկան ստանալ 15-20 մլրդ եվրո, ինչը հավասար է երկրի ՀՆԱ-ի 1%-ին:
Իտալիան այդկերպ ցանկանում է մոտակա 5 տարում իր պետական պարտքը կրճատել 20%-ով:








































