Ադրբեջանական salamnews.org կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերություններին.
«Պատմականորեն Ադրբեջանն ու Իրանը «բարեկամական ու եղբայրական» երկրներ են, ինչը շարունակվում է նաև ներկայումս: Սակայն որոշ դեպքերում Իրանը վնաս է հասցնում այդ հարաբերություններին` սերտորեն համագործակցելով «ադրբեջանական տարածքներն օկուպացրած» Հայաստանի հետ:
Իրանը չպետք է ձեռնարկի Ադրբեջանի ազգային շահերը վնասող քայլեր, թեկուզ այն պատճառով, որ նա իսլամական ու «պատմականորեն մեզ սահմանակից» երկիր է:
Առավել լավ կլիներ, եթե Իրանը կոշտ դիրքորոշում որդեգրեր Հայաստանի հանդեպ, սակայն Իրանը չի վարվում նման կերպ, ինչի արդյունքում էլ Հայաստանը ներկայումս «խուսափում» է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից:
Եթե Իրանը չօգնի Հայաստանին, ապա շրջափակման մեջ հայտնված Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի ընդառաջ գնալ բանակցություններին:
Մինչդեռ այժմ Հայաստանի որդեգրած դիրքորոշումից երևում է, որ նա «պատերազմ է ցանկանում»: Եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա այլ տարբերակ չի մնա, քան պատերազմի վերսկսումը»: