Հայաստանյան քաղաքական դաշտը ջարդվեց. ԲՀԿ-ն վատ խաղ խաղաց, իսկ ՀԱԿ-ը՝ թուլացավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ներքաղաքական իրողությունների մասին:
Քաղաքագետը հիշեց մայիսյան ընտրություններին նախորդող ժամանակահատվածը, մասնավորապես՝ քաղաքական վերլուծաբանների կանխատեսումներն առ այն, որ քաղաքական ուժերի մասնակցությունն ԱԺ ընտրություններին իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ հասարակությունը հերթական անգամ հիասթափություն է ապրելու, որին էլ հետևելու է արտագաղթի նոր ալիքը:
Մանվել Սարգսյանը հիշեց նաև այն, որ այս կանխատեսումները տարվա առաջին կեսին խիստ բացասական վերաբերմունքի էին արժանանում քաղաքական ուժերի կողմից, որոնք վերլուծաբաններին մեղադրում էին ժողովրդին խաբելու մեջ և այլն: Սակայն, քաղաքագետի խոսքերով, անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, ընտրությունները վերահսկող միասնական շտաբ ձևավորվեց կուսակցությունների միջև, որի գործունեությունը ոչ մի արդյունք չտվեց, ուստի շատերը համոզվեցին, որ իշխանական կեղծիքի մեքենան հնարավոր չէ կանգնեցնել:
«Ընտրություններից հետո սկսվեցին ԲՀԿ-ի շուրջ խոսակցությունները, մանիպուլյացիաները՝ այն հույսով, որ հնարավոր է իրավիճակ փորձել փոխել։ Դա էլ չեղավ, քանի որ ԲՀԿ-ն վատ խաղ խաղաց: Այս ամենի արդյունքում իրավիճակն ավելի վատացավ՝ ջարդվեց քաղաքական դաշտը: Ստեղծվեց մի վիճակ, որ շատ քաղաքական ուժեր իրենք ասացին, որ հնարավոր չէ ընտրություններ անցկացնել, որ այս իշխանությունները ստեղծել են մի վիճակ, որում հեշտ է ապահովել իրենց վերարտադրությունը: Չհաշված նաև այն, որ ԲՀԿ որոշումը թուլացրեց ՀԱԿ-ը, ՀԱԿ-ում էլ անհասկանալի վիճակ է՝ առանձին կուսակցությունների մակարդակով են փորձում դիրքորոշումներ հստակեցնել, մասնակցել-չմասնակցել։ Բագրատյանն՝ առանձին, ՀՀՇ-ն՝ առանձին: Փաստորեն իրավիճակն ավելի վատացավ»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում ավելի շատ կուսակցություններն են խոսում նախագահական ընտրություններին մասնակցելու անհեռանկարայնության մասին՝ մոռանալով, որ մեկ տարի առաջ փնովում էին այլոց, ովքեր կանխատեսել էին այս իրավիճակը: Ուստի, փորձագետի խոսքերով՝ ներկայիս իրողությունների պայմաններում նույնիսկ անհասկանալի է՝ նրանք, ովքեր որոշել են առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ի՞նչ են ուզում առաջարկել, ի՞նչ լուծումներ են տեսնում այս իրավիճակում, ի՞նչ խնդիրներ են դնում իրենց առջև:
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչը կարող է բեկում մտցնել քաղաքական դաշտում, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ այն տրամաբանությամբ, ինչպես շարունակվում են պրոցեսները, ինչպես են կուսակցություններն իրենց դրսևորում, սպասելիքներ ունենալու առիթ չի տալիս՝ նորություն չկա, նոր վերլուծություններ, նոր գնահատականներ, նոր առաջարկներ չկան: Քաղաքագետն ասաց, որ սովորաբար նման իրավիճակներում ասում են, եթե քաղաքական ուժերը կարողանան միասնական մտքի գալ, բոյկոտ կամ այլ ակտիվ գորողություններ, դա կարող է նոր վիճակ ստեղծել, որովհետև, փորձագետի համոզմամբ, իշխանությունների համար էական է լեգիտիմ երևալ, ընտրություններն անցկացնել «մեկ քայլ առաջ» տրամաբանությամբ:
«Բոյկոտի գնալով՝ կուսակցությունները պետք է հստակ նպատակ ու անելիքների ծրագիր ունենան, որ կարողանան թակարդի մեջ գցել իշխանություններին, տապալել նրանց պլաննները: Նման գործողությունը կարող է հեռանկար ունենալ, եթե կա ցանկություն քաղաքական ուժերի կողմից գնալ նման բանի, բայց ես դեռ չեմ տեսնում այդ ցանկությունը»,- եզրափակեց իր խոսքը ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին արդեն հայտնել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:









































