Չնայած այսօր Հայաստանում կուսակցական համագումարների կամ համաժողովների շքերթ է, և շատերը սպասում են, թե ինչ է դուրս գալու այդ ամենից նախագահական թեկնածուների տեսքով, այնուամենայնիվ աշխարհը կանգ չի առնում, և այնտեղ տեղի են ունենում, մեղմ ասած, ոչ պակաս հետաքրքրական զարգացումներ, քան այն սպասումները, որ կան Հայաստանում:
Մասնավորապես, երեկ բավական անակնկալ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը պատրաստվում է այցելել Ադրբեջան: Իվանիշվիլին հայտարարել է, որ Բաքվում բարձրացնելու է Կարս-Ախալքալաք երկաթուղու հարցը, որն ըստ Իվանիշվիլիի, հարցեր է առաջացնում իր մոտ և որոշակի պահի կարող է չհամապատասխանել Վրաստանի շահերին:
Սա իսկապես անակնկալ հայտարարություն է, եթե նկատի առնենք նաև, որ խոսքը արդեն սկսված շինարարության մասին է, ոչ թե ընդամենը մտադրության: Այսինքն` Իվանիշվիլին ակնարկում է, որ Վրաստանը կարող է դադարեցնել այդ նախագծի շինարարությունը: Իսկ Վրաստանն իսկապես կարող է, քանի որ, ըստ էության, ոչ մի կոպեկ չի ծախսել այդ կառույցի համար: Կառույցը ֆինանսավորում են Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ այստեղ էլ, ըստ երևույթին, Իվանիշվիլիի խորամանկությունն է:
Թուրքիան ու Ադրբեջանը, բնականաբար, կփորձեն փրկել իրենց փողերը ջուրն ընկնելուց, որ ծախսել են մինչև հիմա: Եվ նաև կփորձեն փրկել իրենց նախագիծը, որը տարածաշրջանում պետք է մեծացնի նրանց դերը և միաժամանակ ամրացնի Հայաստանի շրջափակումը: Եվ ահա օգտվելով այս շահագրգռությունից` Իվանիշվիլին ամենայն հավանականությամբ փորձում է սրանով սեփական կշիռը բարձրացնել տարածաշրջանում և ստիպել, որ իր հետ հաշվի նստեն և իր հետ գնան կոմպրոմիսների` մասնավորապես Թուրքիան ու Ադրբեջանը:
Սա, իհարկե, Հայաստանի համար այնքան էլ վատ չէ, եթե իհարկե Իվանիշվիլին ի վերջո չպայմանավորվի թուրքերի ու ադրբեջանցիների հետ և այս անգամ չփորձի հայերի մոտ իր գինը բարձրացնել որևէ նմանատիպ դեմարշով, առավել ևս, որ խոսակցություններ տարածվեցին, թե պաշտոնական Երևանի և Իվանիշվիլիի հարաբերությունները այդքան էլ հարթ չեն դեռևս Վրաստանի խորհրդարանական ընտրություններից:
Միևնույն ժամանակ, եթե արձանագրենք, որ Վրաստանը մի քանի օր առաջ հայտնել էր Աբխազիայով անցնող երկաթուղին գործարկելու պատրաստակամության մասին, ինչն, իհարկե, Աբխազիան մերժել էր, ապա պարզ է դառնում, որ տարածաշրջանում կարող են տրանսպորտային քարտեզի լուրջ վերաձևման գործընթացներ սկսել, ինչը Հայաստանի համար, իհարկե, կարող է բարենպաստ լինել` ի վերջո հանգեցնելով նաև Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը կամ էլ Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի կյանքի կոչմանը:
Ի դեպ, այս կապակցությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցը և հայտարարել, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը հեռանկարային է և արդեն իսկ ավարտին են մոտենում տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքները:









































