Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով 2012-ը, նշեց այն յոթ կարևոր հաջողությունները, որ գրանցվել են տարվա ընթացքում:
Այս տարի Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմը նվաճել է 16 մեդալ, մեդալների թվով Հայաստանը զիջել է միայն Էստոնիային: Նրա խոսքով՝ սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի կրթական մակարդակը մրցունակ է միջազգային ասպարեզում, իսկ հայ ժողովուրդն էլ կիրթ ժողովուրդ է:
Երկրորդ կարևոր ձեռքբերումը նախարարը համարում է Բոլոնիայի քարտուղարության՝ 2012-15 թվականներին Հայաստանում գտնվելը, բացի այդ` Հայաստանն է պատասխանատու լինելու եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների համակարգման համար: Սա, ըստ նրա, ոչ միայն կրթական ձեռքբերում է, այլ նաև արտաքին քաղաքական կարևոր ձեռքբերում:
Երրորդ կարևոր ձեռքբերումը, Արմեն Աշոտյանի խոսքով, շախմատ առարկայի մուտքն է դպրոցներ, երկրորդ դասարանում ավարտվեց շախմատի ներդրման գործընթացը և անցում կատարվեց երրորդ դասարանին, ինչը Հայաստանի կրթական համակարգի միջազգային բրենդը դարձավ:
Նա թոփ յոթի մեջ մտցրեց ԱՊՀ երկրների մանկավարժների երկրորդ համագումարը և ԱՊՀ երկրների ԿԳ նախարարների կոնֆերանսը Հայաստանում:
Կարևոր ձեռքբերում է նաև Հայաստանի բոլոր դպրոցներում ինտերնետ կապի հասանելիությունը:
Այս տարի ընդունելության քննությունները թափանցիկ էին, դրա համար, նախարարի խոսքով, այդպես էլ չարժանացան լրատվամիջոցների կողմից լուրջ քննադատության:
Տարվա ընթացքում կարևոր ձեռքբերում էր երիտասարդ գիտնակաների համար մեկնարկած հատուկ կրթական գիտական աջակցության ծրագիրը, ըստ որի՝ տարեկան 100 մլն դրամ է հատկացվում երիտասարդ գիտնականների ծրագրերի իրականացման համար:
Բացի այդ` այս տարի «մենք առաջին անգամ Հայաստանում մշակել և կիրառել ենք դպրոցների և բուհերի վարկանիշավորման համապատասխան մեթոդաբանություն», տեղեկացրեց նախարարը:
Ազգային ժողովի կողմից ընդունվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը և յուրաքանչյուր երեխայի՝ իրեն համարժեք կրթական ծառայություններ ապահովելու խնդրին:
Աշոտյանը նաև հավելեց, որ դարձյալ խստացվել են բուհերի լիցենզավորման համար համապատասխան պայմանները, ստեղծվել է առավել խիստ միջավայր: Նախարարությունը նոր օրենքի շրջանակներում փետրվար ամսից ստուգումներ է իրականացնելու և որոշելու բուհերի այս կամ այն ֆակուլտետների նպատակահարմարության և համապատասխանության հարցը:
«2009-ից 90 մասնավոր բուհերից Հայաստանում գործում է 34-ը, այս օրենքի ընդունումը բուհերի խոշորացման ու կոնսոլիդացման և կրթական որակի ապահովման հնարավորություն կտա»,- ասաց նախարարը:
Բացի այդ` ընդունվել է պետական քննությունների նոր կարգը, որը թույլ է տվել այս տարի կտրուկ նվազեցնել պետական ավարտական քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը և նպաստել ուսանողների իրավունքների պաշտպանությանը:
70 համայնքներում բացվել են նախակրթարաններ:
Անցկացվել է լավագույն ուսանող մրցույթը, որի արդյունքները ամփոփվել են, մրցանակաբաշխությունը հունվար ամիսին տեղի կունենա, և հաղթողների անուններն այդ ժամանակ կհրապարակվեն:
Նախարարը նաև նշեց, որ ընդունվել է ուսման վարձերի նոր մեթոդաբանություն, Հայաստանի բուհերը շահել են Տեմպուս ծրագիր:









































