Փաստացի կարելի է արձանագրել, որ նախագահական ընտրությունների գործընթացը Հայաստանի ընդդիմադիր դաշտը փառահեղորեն տապալել է: Ում էլ մեղադրենք դրա համար՝ Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ուժի, միևնույն է` դրանից արդեն ոչինչ չի փոխվի, և ոչ մի բան չի խանգարի իշխանությանը վերարտադրվել:
Մեծ հաշվով, այստեղ պատասխանատվությունը բացի կոնկրետ լինելուց, երբ մի քանի ուժեր մանիպուլյացիաների, խարդավանքների և ինտրիգների միջոցով, ըստ էության, կաթվածահար արեցին ընդդիմադիր պոտենցիալը, նաև ընդհանուր է, որովհետև պետք է ընդունել, որ կաթվածահար անելու այդ ստվերային գործընթացներին չեղավ համարժեք դիմադրություն հասարակական այլ շրջանակներից: Այսինքն` եթե որևէ մեկը ջլատում կամ կազմաքանդում էր ընդդիմադիր դաշտը, հասարակական ընդդիմադիր ներուժը, չեղավ որևէ այլ մեկը, որն արժանիորեն կհակադարձեր դրան և թույլ չէր տա, որ ավազակապետության կազմաքանդման փոխարեն կազմաքանդվեր ընդդիմությունը կամ սահուն կերպով ինտեգրվեր ավազակապետության տարբեր տարրերի հետ:
Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ներկայումս կա հասարակության դիմադրունակության ոչ միայն քանակական, այլ նաև որակական խնդիր: Այսինքն` այն վիճակը, որ այսօր կա, ըստ էության առնվազն ենթագիտակցական մակարդակով պահանջված է հասարակության մոտ, ինչի հետևանքն էլ, ըստ էության, հանդիսանում է դիմադրունակության բացակայությունը այն ավերիչ գործընթացներին, որ տեղի ունեցան ընդդիմադիր դաշտում, երբ հասարակահաճո հռչակագրերի ներքո իրականացվեց ավանդական ստվերային քաղաքականություն հասարակության ու նաև պետության դեմ:
Այս հարցի լուծումը անկասկած տևական ժամանակ կպահանջի, եթե, իհարկե, չլինեն ցնցումային զարգացումներ: Սակայն ցնցումային զարգացումներ առաջացնելու հնարավորություն այսօր ունեն կամ իշխանությունները, կամ Արևմուտքը, կամ Ռուսաստանը: Այսինքն` որևէ դեպքում դրանք չեն կարող ծառայել հասարակությունն արթնացնելուն, իսկ եթե նման էֆեկտ էլ լինի, ապա հետագայում շարունակությունը շատ ավելի ուժգին հարված է ուրեմն պատրաստել նույն հասարակության համար: Հետևաբար` մինչև նախագահական ընտրությունները հասարակական դիմադրունակության որակական փոփոխությունների խնդրի լուծումը, մեղմ ասած, իրատեսական չէ: Եվ գլխավորը՝ այդ խնդիրը ներկայիս ընդդիմադիր դաշտն իր հավաքականությամբ հանդերձ անկարող է լուծել: Ավելին` խնդրի լուծման համար հարկավոր է մինչև վերջ, անդառնալիորեն կազմաքանդել այսօրվա ընդդիմադիր դաշտը, որպեսզի նույնիսկ ավերակներ չմնան:
Այդ դաշտը կամա, թե ակամա արդեն կատարում է հասարակության թիկունք իջեցված դեսանտի ֆունկցիա: Առանց դրանից լիովին ազատվելու, հնարավոր չի լինելու հանգիստ, սառնասիրտ, սթափ կերպով զբաղվել իշխանական համակարգի դեմ նոր դիմադրության կազմակերպման գործընթացով: Եվ այս գործընթացում այլևս նախագահական ընտրություններ չկան: Այսինքն` այս գործընթացը այլևս չի կարող հաշվարկվել նախագահականից առաջ կամ հետո: Ուղենիշերի, կողմնորոշիչների վերանայման խնդիր կա: Նախագահական գործընթացը կարող է ընդամենը գործիքներից մեկը լինել, ոչ ավելի:








































