Դեռևս չի սպառվել Տեր-Պետրոսյանի ո՛չ իմաստությունը, ո՛չ ուժը, ո՛չ էլ փամփուշտները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության փոխնախագահ Վարդան Մալխասյանը՝ գնահատելով վերջին ամիսներին ՀԱԿ գործունեությունը:
Նա նշեց, որ քաղաքականության մեջ անշտապ համառությունը հաճախ հաղթում է վայրենի, բարբարոս ուժին, հանգամանորեն մշակված ծրագիրը ջախջախում է չար ուժին: Ըստ Վ. Մալխասյանի՝ քաղաքականությունը մարդկային գործունեության ամենաանհասկանալի ոլորտներից մեկն է, այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը խորիմաստ հաշվարկներով քաղաքական գործիչ է: Վ. Մալխասյանի համոզմամբ՝ հնարավոր չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անիմաստ լռի:
«Եթե լռում է, ուրեմն դրա մեջ խոր իմաստ կա. ուզում է տեսնել, թե դաշտն ինչ դասավորություն է ստանում, այնուհետև իր խաղաքարտերը բերի ասպարեզ: Ես ի սկզբանե կողմ չէի ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, միշտ մտածել եմ, որ ԲՀԿ ղեկավար կազմն այս չարիքի՝ իշխանության մի մասն է եղել, շատ մեղքեր, սխալներ ունի գործած։ Եթե մենք գանք իշխանության, պետք է բացահայտենք նախորդ բոլոր սխալները: Եթե չբացահայտենք, մենք նախորդներից ավելի փչացած կլինենք: Այս պարագայում խնդիր առաջ կգար՝ ԲՀԿ-ի կեղտերն առաջ քաշել: Բայց այսօր նրանք ուզում էին միանալ ՀԱԿ-ին և դարձի գալ. դա վատ բան չէ: Ժամանակը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստ չէ գաղափարապես, չունի համարձակություն, խիզախություն և հանդգնություն՝ միանալու ժողովրդին: Եթե նրա խոսքը գործ էր, ուրեմն մինչև վերջ պետք է խոսքի տերը լիներ»,- նշեց Վարդան Մալխասյանը՝ հավելելով, որ հարստության կորուստը սարսափեցնում է նման մարդկանց: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը կորցնելու ոչինչ չունի, ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հայտնի քաղաքագիտական վերլուծությանը պետք է հեռահար քայլերի տեսանկյունից մոտենալ:
«Քաղաքագիտական վերլուծությունը, իմ կարծիքով, շատ լուրջ ձևով հաջողվեց, որովհետև բանդիտական ռեժիմն այդ քայլերով բավականին ճաքեր է տվել։ Մեզ մնում է ճաքերը լայնացնել՝ ունենալ վճռականություն և հանդգնություն, անցնել լայնածավալ հակահարձակման: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս կարող է, չի սպառվել ո՛չ նրա իմաստությունը, ո՛չ ուժը, ո՛չ էլ փամփուշտները»,- նկատեց Վարդան Մալխասյանը:









































