Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է և 5500 ձայն հավաքել Կոտայքի մարզի 27-րդ ընտրատարածքում: «Առաջին տեղը գրավեց ԲՀԿ թեկնածուն, հասկանալի է, թե Կոտայքի մարզում ինչ ընտրություն է եղել՝ տուկի թել, կարտոֆիլ, փող: Ես առաջադրելի էի և ուզում էի առաջին անգամ էպոսի գաղափարախոսությունը կիրառել քաղաքականության մեջ: 5000 ձայնը խոսուն վկայություն է, որ, չլինելով ՀՀԿ կամ ԲՀԿ անդամ, որևէ մեկին չի հաջողվել»,-«Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածուն:
Հարցին, թե ինչու է իր նախընտրական ծրագիրը համարում «Սասունցի Դավիթ» էպոսը, նա պատասխանել է, որ ցանկացած էպոս տիեզերքից, Աստծո կողմից ժողովրդին տրված տեղեկատվական համակարգ է, ներկայացնում է ազգի ծնունդը, ազգի առջև կանգնող խոչընդոտները և դրանց հաղթահարման մեխանիզմները: Էպոսը Կոտայքի մարզի բնակիչներին ներկայացնելով՝ ընտրություններում մասնակցածների ձայների 15 տոկոսը տարել է Վարդան Սեդրակյանը՝ ծախսելով ընդամենը 1000 դոլար:
«Ես գալիս եմ երեք նախագահներին համախմբելու, երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Իմ թեկնածությունն առաջադրելու հարցում որևէ մեկի հետ չեմ խորհրդակցել, նախագահներից որևէ մեկի հետ ուղղակի կամ անուղղակի կապ չունեմ: Ես չեմ եկել պայքարելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ես որևէ կուսակցության քաղաքական հարցը չեմ լուծում և եթե ծրագիրն աշխատում է և երեք նախագահները հասկանում են, որ եկել-հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ պետության ոչնչացումն է, այդ դեպքում ի՞նչ անարդար ընտրությունների մասին է խոսքը»,- ասել է էպոսագետն ու հավելել, որ բոլոր նրանք, ովքեր կանգնեն իր ճանապարհին և փորձեն անարդար մեթոդներ կիրառել, ենթակա են ոչնչացման, սակայն կյանքը ցույց կտա, թե որ եղանակով կոչնչացվեն: Իր հաղթանակն էլ լինելու է երեք նախագահների հաղթանակը: Վարդան Սեդրակյանը նշել է, որ մենք դեռևս չենք ունեցել արդար նախագահ:










































