Վրաստանի արևմտյան Օզուրգեթի շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է ավերվել, ավտոմայրուղիներ են վնասվել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի հետ ավտոմոբիլային հաղորդակցության դադարեցման: Այս մասին հայտնել են շրջանի իշխանությունների ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ գետերի վարարման հետևանքով հեղեղվել է մի քանի հազար հեկտար գյուղատնտեսական տարածք: Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տների բակերն ու առաջին հարկերը: Շրջանում սկսվել են աղետի հետևանքների վերացման աշխատանքներ:
Կիրակի երկրի արևմուտքում սկսել է գործել հորդառատ անձրևների հետևանքների կանխման ու վերացման հատուկ շտաբը:
Անցած շաբաթվա սկզբին Վրաստանի հարավ-արևմուտքում տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղվել էին ավելի քան 700 տների ու շինությունների, մի քանի տասնյակ առևտրային օբյեկտների առաջին հարկերն ու նկուղները:











































