Մադոննայի համերգային շրջագայությունը ամենից եկամտաբերն է ճանաչվել 2012-ին, սակայն նա դրա համար երկրպագուներին երախտապարտ լինելու փոխարեն` Չիլիում համերգի ժամանակ վիրավորել է իր ծխող երկրպագուներին: Այս մասին հայտնում է Billboard.com-ը:
Համերգի ժամանակ, որը չորեքշաբթի կայացել է մայրաքաղաք Սանտյագոյի Estadio Nacional բացօթյա բեմահարթակում, տեղատարափ անձրև է սկսվել: Ուժեղ քամու պատճառով նրա սպիտակ անձրևանոցը շրջվել է՝ բազմության մեջ քրքիջ առաջացնելով: Դրանից հետո երգչուհին դադարեցրել է Human Nature երգի կատարումը: Փոփ թագուհին սկսել է վիրավորել իր երկրպագուների մի փոքր խմբի, որը մուտք էր գործել դեպի ձայնային սարքավորումների հատված և ծխում էր:
«Այնտեղ ծխող մարդիկ կան: Չծխե´լ: Եթե դուք շարունակեք ծխել, ես շոուն կդադարեցնեմ: Դուք իմ մասին չեք մտածում, ես էլ ձեր մասին չեմ մտածի: Լա՞վ: Դե ի՞նչ, խաղա՞նք այդ խաղը: Ես չեմ կատակում. ես չեմ կարող երգել, երբ դուք ծխում եք»:
«Հասկանու՞մ եք (Entiendes?),- դիմել է նա իսպանախոս ամբոխին:-
Դուք ինձ վրա եք նայում և ծխում, կարծես ես հիմա պոռնիկ լինեմ»:
Տեսանյութը տեղադրվել էր YouTube-ում, սակայն այնուհետև հանվել էր:
Սա առաջին դեպքը չէ, որ նա արժանավայել կերպով չի վարվում իր երկրպագուների հետ: MDNA ալբոմով այս տարի շրջագայությամբ Մայամիում գտնվելիս նա իր երկրպագուներին 3 ժամ սպասեցնել էր տվել:




































