Կանադայի տարբեր շրջաններում թռիչքների մեկ օրվա ընթացքում լազերով կուրացվել են չորս ուղևորատար ինքնաթիռների օդաչուներ: Այդ մասին հաղորդել է CTV հեռուստաալիքը:
«Բոլոր դեպքերը տեղի են ունեցել դեռ երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, սակայն ոստիկանությունը այդ տվյալները հրապարակել է միայն շաբաթ»,- նշում է հեռուստաալիքը:
Երեք դեպք է գրանցվել երկրի արևմուտքում և մեկ դեպք՝ մայրաքաղաքում: Անհայտ անձինք կուրացրել են օդաչուներին ինչպես վայրէջքի, այնպես էլ թռիչքի ժամանակ: Ինքնաթռիները հաջողությամբ թռել և վայրէջք են կատարել, բայց առանց վնասվածքների չի անցել դա:
West Jet ընկերությունը հաղորդել է, որ իր երկու օդաչուները Օտտավայում վայրէջք կատարելու ժամանակ աչքերի վնասվածք են ստացել: Բոլոր փաստերի հիման վրա հետաքննություն է իրականացվում, սակայն հանցագործները մինչ օրս չեն հայտնաբերվել: Նման հանցանքի համար չարագործներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և 100 հզ. դոլարի տուգանք:








































