Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Վրաստանին շատ ավելի պետք են, քան հակառակը:
Պետրիաշվիլին բացառել է տարածաքային ամբողջականության հանձնման դիմաց Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ ունենալու գործարքի հավանականությունը. «Բնականաբար, մեզ համար կարևոր է Ռուսաստանի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունների վերականգնումը: Սակայն առաջին հերթին մեր ռազմավարական առաջադրանքը տարածքային ամբողջականության վերականգնումն է:
Կարող եմ համարձակորեն ասել, որ առևտրային հարաբերությունների վերկանգնումը կարևոր է Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար, սակայն քիչ սպասումներ չկան նաև շարքային քաղաքացիների ու Ռուսաստանի քաղաքական վերնախավում, որ վրացական արտադրանքը հայտնվի ռուսական շուկայում:
Ռուսաստանի նախագահն անձամբ ակնարկել է, թե որքան բարձր են իրենց ցանկություններն ու ակնկալիքները, որ վրացական գինին վերադառնա: Այնպես որ, առևտրային հարաբերությունների կարգավորումը նպաստում է ժողովուրդների միջև, հետագայում՝ նաև պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը»:












































