«Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» երկաթուղային կայարանի կառուցումը շատ հետաքրքիր նախագիծ է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, միջազգային օդանավակայանն ակտիվ տնտեսական գոտի է՝ հատուկ մաքսային ռեժիմով, արտադրատարածքների ստեղծման հնարավորություններով և բեռների փոխադրումների իրականացման մեծ կարիք կլինի:
«Այժմ բանակցում ենք, կանխատեսումներ են արվում, թե որքան շահավետ կլինի այս նախագծի իրականացումը: ՀԿԵ-ի՝ որպես ներդրողի համար դժվար է հիմա ասել, թե դրա շահավետությունը որքան կլինի: Բիզնեսի տեսանկյունից պետք է պատասխանել՝ ինչու: Մենք պատրաստ ենք մեզ տեսնել որպես այդ նախագծի մասնակից, բայց պետք է հասկանալ, թե ինչի համար է այն, ինչքան կլինեն ուղևորա և բեռնափոխադրումների ծավալները»,- ասաց Ռեբեցը:
Նրա բնորոշմամբ՝ բաժնետերերը պետք է իմանան, թե ինչքան ժամանակում իրենց ներդրումները ետ կբերվեն: Ռեբեցը նկատեց, որ ուսումնասիրությունների արդյունքում մոտ 2 ամսից պարզ կլինի, թե ինչ և ինչպես է արվելու:
Հիշեցնենք, որ նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությունը։ Երկաթգծի կառուցման և վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:








































