ՄԱԿ-ի խաղաղապահները ուղղաթիռների, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերից պաշտպանվելու կարիք են զգում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: ՄԱԿ-ի վարչական ղեկավարը մատնանշել է 6 հիմնական պահանջներ, որոնց բավարարումից էլ, ըստ նրա, կախված է «երկնագույն սաղավարտավորների» աշխատանքի արդյունավետությունը:
Նա առաջնահերթ է համարել արագ արձագանքման պոտենցիալի բարձրացումը, ինչը պահանջում է զինծառայողների մշտական առկայություն և անհրաժեշտ պահին անհրաժեշտ վայր նրանց տեղափոխելու ունակություն:
«Երկրորդ՝ անհրաժեշտ է նաև մեծ մոբիլացում, նախևառաջ՝ ուղղաթիռներ»,- ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է նաև ապահովել ավելի արագ և որակյալ բուժօգնություն, «ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներից բարելավված պաշտպանություն», տեղեկատվության ավելի ակտիվ հավաքում և վերլուծություն:
Վերջին առաջնահերթությունը գլխավոր քարտուղարը համարել է տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործընկերության ամրապնդումը, այդ թվում՝ Աֆրիկայում:











































