Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Հայաստանի եվրասիականացման գործընթացի կանգառներից, պատկերավոր, խոսուն հանգրվաններից մեկն է:
Եվրասիական միություն գնացող Հայաստանում պահանջված են այդ պաշտոնյաները, և եթե որևէ մեկը խոսում է Լիսկայի վերանշանակման մասին, դատապարտում այն, միևնույն ժամանակ՝ կամ լռում է, կամ անկարևոր, կամ էլ անշրջելի է համարում Մաքսային կամ Եվրասիական միությունը, ապա այստեղ առնվազն ակնհայտ է կեղծիքը: Եթե Եվրասիական միությունը կարևոր չէ, անշրջելի է, ուրեմն անկարևոր և անշրջելի է նաև Լիսկայի վերանշանակումը այս պաշտոնում: Եվրասիական միությունն այն ջերմոցն է, որն անհրաժեշտ է Հայաստանի իշխանական համակարգին բարգավաճելու համար:
Եվրամիության հետ ասոցիացիան լինելու էր այն դաշտը, որտեղ իշխանությունները գոնե ստիպված, գոնե հարկադրված, թեկուզ ձևի համար, այնուհանդերձ՝ պետք է հետևեին ինչ-որ ստանդարտների, պետք է կատարեին ինչ-որ պարտավորություններ, պետք է ինչ-որ զեկույցների հարց լուծեին, ինչ-որ հաշվետվություններ, գնահատականներ փորձեին հարթել: Իսկ այս ամենի արդյունքում, ինչպես փորձն է ցույց տվել, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո ինչ-որ բաներ, այնուհանդերձ, կփոխվեին, այնուհանդերձ՝ ինչ-որ բաներ կստանային եթե ոչ այլ բովանդակություն, գոնե այլ ձև, որը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար բովանդակություն կստանար, կդառնար որոշակի նոր, իսկ արդեն հաջորդ քայլերը կկատարվեին՝ առկա թեկուզ ձևական իրողությունները նկատի ունենալով, հաշվի առնելով, և սա իր հերթին կազդեր նաև այդ հաջորդ քայլերի վրա:
Այս ամենն, իհարկե, մեկ տեքստի շրջանակում բավական արագ է թվում, իսկ իրական կյանքում, իհարկե, տասնամյակների խնդիր կարող է լինել, սակայն այդ դանդաղությամբ հանդերձ՝ գոնե կա ինչ-որ գործընթաց, որը թեկուզ տասը տարվա հեռվից արդեն դառնում է իրական փոփոխություն:
Եվրասիական միությունը այդ ամենի արգելակումն է և իշխող համակարգի համար ջերմոցային պայմանների ապահովումը: Եվրասիական միության առաջ ձևական պարտավորություններ չկան, հաշվետվությունների, զեկույցների հարց լուծելու անհրաժեշտություն չկա: Եվրասիական միությունում կա մեկ խնդիր՝ տեղավորվել ռուսական շահի ներքո ու դրա տակ անել՝ ինչ ուզում ես և կարող ես:
Սերժ Սարգսյանն էլ ուզում էր Լիսկային նշանակել, փորձեց վերանշանակել և տեսավ, որ կարող է: Այս ամենն, իհարկե, հասարակությանը գրգռող գործողություն է, և այսօր արդեն գնահատականներ են հնչում, որ Սերժ Սարգսյանը կարծես թե նպաստում է հասարակությանը «մայդանի» դուրս բերելուն՝ հատկապես հոկտեմբերի 10-ին հայտարարված հանրահավաքից առաջ, որ իրականացնելու են ոչ իշխանական երեք ուժերը, և որոնք արդեն իսկ այսօր սկսել են մարզային հանրահավաքները:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, Սերժ Սարգսյանն ինքնասպա՞ն է, որ նման իրադարձությունների շեմին է՛լ ավելի է գրգռում հասարակությանը: Եթե նա չունենար այդ տարրական հաշվարկներն անելու կարողություն, ինչպե՞ս կկարողանար ծանրագույն պայմաններում իշխանական դիրքեր պահել վեց տարի շարունակ, այն էլ՝ Մարտի 1-ի արյունից հետո: Ուրեմն այս դատողությունները ընդամենը կկրեն մակերեսային բնույթ: Սերժ Սարգսյանն այլևս խաղում է միայն դրսում: Ներսում նա ըստ էության զրկված է խաղային ռեսուրսներից:
Լիսկայի նշանակումը դրսի խաղի մի մաս է, ըստ էության՝ վերջին արևմտյան վոյաժներին հակակշռող մաս: Սերժ Սարգսյանը մեկնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, իսկ հետո ոչ թե մեկնեց Մոսկվա՝ հավասարակշռելու, ինչպես լինում է սովորաբար, այլ Վաշինգտոն՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Եվ այս ընթացքում հանկարծ Հայաստանում բավական բուռն բողոքի ալիք սկսեցին մանր առևտրականները, ինչը, բնականաբար, այնքան էլ ցանկալի զարգացում չէ ներկայիս իրավիճակում:
Այս պայմաններում Լիսկայի նշանակումը օպերատիվ քայլ է հիշեցնում, հատկապես, որ նիստի օրակարգի նախագծում նման հարց չի եղել: Սերժ Սարգսյանը հավանաբար հենց Նյու Յորքից կարիք է զգացել Մոսկվային ցույց տալու, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, և ինքն էլ չի փոխվել՝ նույն Սերժ Սարգսյանն է:
Եվ այս հարցում Լիսկայի նշանակումը իսկապես ծանրակշիռ վկայություն է, որ ինքը նույն Սերժ Սարգսյանն է: Այս վերանշանակմամբ Սերժ Սարգսյանը փորձում է համակարգային երաշխիքներ տալ Մոսկվային՝ դրա դիմաց, բնականաբար, ակնկալելով ստանալ անվտանգության երաշխիքներ:









































