Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հնարավոր է համարել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրում փոփոխություններ անելը: Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ին:
«Կարծում եմ՝ ներկայումս տվյալ հարցերի շուրջ կառուցողական աշխատանքը բխում է ընդհանուր շահերից»,- ասել է Բարոզուն: «Մենք բաց ենք, տրամադրված ենք կառուցողաբար և պրագմատիկ»,- հավելել է նա: Պարբերականը նշում է, որ Բարոզուի խոսքերը նշանավորում են «Բրյուսելի տոնի փոփոխությունը», որն ավելի վաղ հերքում էր համաձայնության ցանկացած վերամշակում:
Բարոզուն նաև հայտնել է, որ Կիևի համապատասխան հարցման դեպքում ԵՄ-ն պատրաստ կլիներ քննարկել համաձայնության իրագործումը և դրա ազդեցությունը Ռուսաստանի վրա: «Եթե ուկրաինական կողմը, լսելով Ռուսաստանի անհանգստությունը, ուզենա մեզ հետ ինչ-որ հարցեր քննարկել, մենք, իհարկե, պատրաստ ենք լսել դա»,- նշել է նա:










































