«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, երկու օր է՝ կառավարության առջև բազմաթիվ առևտրականներ բողոքում են Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ, որը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Հովիկ Աբրահամյանը նրանց հետ հանդիպմանը պատճառաբանեց, թե դա արվում է խոշորների համար, որոնք, օգտագործելով փոքրերին, խուսափում են հարկերից: Վարչապետի հիմնավորումը արժանահավա՞տ է ձեզ համար:
-Իհարկե ոչ: Օրենքը կմտնի ուժի մեջ, և կսկսվի կիրառվել: Հարկային մարմինների աշխատակիցները մշտապես կգնան նրանց մոտ ստուգումների: Փաստաթղթերը չեն լինի, և համապատասխան տուգանքները կկիրառվեն: Ոչ մի ՓՄՁ-ի ներկայացուցիչ այսօր չի կարող շաքարավազի, կարագի և բազմաթիվ այլ ապրանքների համար փաստաթուղթ ստանալ: Իսկ հարկայինը ՓՄՁ-ներին կճնշի: Ինչի՞ մասին է խոսքը: Իրենք խոստանում են, որ ստվերը կհանեն, բայց երեք ամիս է՝ ոչ մի բան չկա: Թող զբաղվեն խոշորով, խոշորին բերեն հարկային դաշտ, մարդիկ չեն բողոքի:
-Հովիկ Աբրահամյանը նաև ասում է, որ ՓՄՁ-ները իրենց որպես հարկատու հետաքրքիր չեն, այլ իրենք փոքրերի միջոցով խոշորին են ուզում հարկային դաշտ բերել:
-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը խոստովանում է, որ տարիներ շարունակ խոշորը ստվերում է եղել, օրենքի դաշտից դուրս: Ինչ որ մենք վաղուց ասում էինք, ինքը նոր է հասկանում: Մենք էլ հիմա ասում ենք՝ սկսեք իրենցից: Ինչո՞ւ եք սկսում փոքրերից: ՓՄՁ-ների վճարը կարելի է անգամ զրոյական դարձնել, քանի որ պետական բյուջե մտնող նրանց վճարը ինչպես ջրի կաթիլը ծովում է: …Դուք տեսաք՝ այսօր ինչ էր կատարվում ոսկու շուկայում: Այսօրվա ոսկու շուկայում կատարվածը բավարար է: Վարչապետի բոլոր հարցերի պատասխանը տալիս է այդ արարքը:
-Պարոն խաչատրյան, ամեն դեպքում, հոկտեմբերի 1-ին օրենքը մտնում է կիրառության մեջ: Դուք այլընտրանքային լուծում տեսնո՞ւմ եք:
-Լուծումը մեկը կարող է լինել: Կարող են հոկտեմբերի 1-ը հետաձգել, ԱԺ-ում միջանկյալ օրենսդրական փոփոխություն անել և առաջարկել դա կամավոր դարձնել: Այսինքն՝ ովքեր որ փաստաթղթերը 100 տոկոս ներկայացնում են, թող 1 տոկոս վճարեն, իսկ ովքեր որ չեն ներկայացնում, թող վճարեն 3.5 տոկոս: Գոնե սա միջանկյալ լուծում է, որից հետո մարդը կարող է 100 տոկոսանոց փաստաթղթավորում ունենալ և վճարել նոր կարգով:
-Իսկ կգնա՞ իշխանությունը նման միջանկյալ լուծման:
-Ոչ, չի գնա: Այսօրվա Սյունիքի մարզպետի նշանակումից հետո, այսօրվա ոսկու շուկայի տնօրենի պահվածքից հետո ամեն ինչ պարզ է: Իշխանությունը միայն հրապարակից, փողոցից է վախենում: Փողոցում կհավաքվենք՝ իշխանությունը կգնա փոփոխության , չենք հավաքվի՝ ոչինչ էլ չի անի:
-Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչ եք ակնկալում այս մարզային հանրահավաքներից:
-Կլինի, կստացվի: Հոկտեմբերի 10-ին ամեն ինչ կստացվի: Իշխանությունը մարտահրավեր է ուզում, ուզում է, որ պատերազմենք իր հետ՝ կանենք:
-Սա պարզապես իշխանափոխության հերթական փորձ է, որը կարող է և ձախողվե՞լ:
-Ոչ, արդեն դրվել է սկսած գործը վերջացնելու խնդիր: Սա մեծ գործի սկիզբ է:
–Բայց ձեր գործընկեր, դաշնակից ԲՀԿ-ն շարունակում է չբարձրացնել ամբողջական իշխանափոխության պահանջ: Այսօր հանրահավաքում ևս չլսեցինք դա: Նման պարագայում համագործակցությունը և ակնկալվող արդյունքները ինչպիսի՞ն պետք է լինեն:
-Բայց բարձրացնում է, ինչի չի բարձրացնում: Նոր ասաց, որ վարչապետի հարց չենք դնում: Ճիշտ է ասում, որ վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվում: Համակարգային փոփոխություն է պետք: Էլ ո՞նց ասի:
-Իսկ ինչո՞ւ ուղիղ չի ասում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում:
-Ասում է, ուղիղ է ասում: Նայած ով ինչպես է հասկանում: Օրինակ ինձ համար դա շատ պարզ է:









































