Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը 2.5 մլրդ դոլարի ներդրում է անում բրազիլական զարգացման նախագծում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Trump Organization ընկերության գործընկերներն են բրազիլական զարգացման Even Construtora e Incorporadora ընկերությունը, բրիտանական MRP International ներդրումային ընկերությունն ու Salamanca Group-ը:
Trump Towers Rio նախագիծը նախատեսում է Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստի շրջանում 38-հարկանի գրասենյակային աշտարակների շինարարություն: Աշտարակներից յուրաքանչյուրի մակերեսը պետք է կազմի մոտ 32 հազար քառակուսի մետր: Շրջանում ենթակառուցվածքի շինարարությունում քաղաքային իշխանությունները խոստանում են շուրջ 10 մլրդ դոլար ներդնել:
Բարձրահարկերի շինարարությունը ծրագրվում է սկսել 2013-ի երկրորդ կեսին: Երկու աշտարակները պետք է պատրաստ լինեն 2016-ին կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ: Մյուս երկնաքերների շահագործման ժամկետները հայտնի չեն:
Դա Բրազիլիայում կլինի Trump բրենդի առաջին նախագիծը: Ինչպես հաղորդել է Trump Organization-ի ներկայացուցիչը, հետագայում ընկերությունը մտադիր է զբաղվել Բրազիլիայում հյուրանոցային անշարժ գույքի կառուցմամբ:
Trump Organization-ն ունի մի քանի տասնյակ անշարժ գույք՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Ուրուգվայում և այլ երկրներում: Դոնալդ Թրամփը հանդիսանում է նաև Trump Entertainment Resorts ընկերության հիմնադիրը, որն ամբողջ աշխարհում բազմաթիվ հյուրանոցներ և խաղատներ ունի:









































