ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 24-ին համաշխարհային կազմակերպության երկրներին խորհուրդ է տվել հավաքել և վերլուծել ահաբեկչության մեջ կասկածվողների ուղևորությունների մասին տվյալներ՝ չխախտելով միջազգային իրավունքը: Օտարերկրյա գրոհայինների դեմ պայքարին ուղղված համապատասխան բանաձևը սեպտեմբերի 24-ին ստացել է ԱԽ բոլոր անդամ-երկրների աջակցությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ընդունված փաստաթղթում ԱԽ-ն դատապարտել է բռնի ծայրահեղականությունը, ինչպես նաև պահանջել, որ «բոլոր օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինները վայր դնեն զենքերը, դադարեցնեն ահաբեկչական գործողությունները և զինված հակամարտություններին մասնակցությունը»:
Բանաձևն անդամ-պետություններին կոչ է անում «ամրապնդել միջազգային, տարածաշրջանային և սուբտարածաշրջանային համագործակցությունը», այդ թվում՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա՝ «կանխարգելելու համար օտարերկրացի գրոհային ահաբեկիչների ուղևորությունները»:
Բացի այդ, փաստաթուղթը «անդամ պետություններին խորհուրդ է տալիս կիրառել վտանգների գնահատման ընթացակարգը և փաստացի տվյալների հիման վրա ստուգել ճամփորդողներին՝ ներառյալ ուղևորությունների մասին նյութերի հավաքումն ու վերլուծությունները»:









































