Դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջի նախաշեմին չինացին խելահեղ արարք է թույլ տվել: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է 36-ամյա գյուղացի Մին Յունցզյունը աշխարհի վերջին հավատալով՝ մաչետեն ձեռքին հարձակվել դպրոց մտնող աշակերտների վրա: Հարձակման հետևանքով 23 աշակերտ է տուժել: Իրականացել է հայտնի դառնալու նրա ցանկությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, որ միջադեպի ողբերգական հետևանքները հաջողվել է կանխել մեծահասակների օպերատիվ միջամտության շնորհիվ: Փայտերով, մետաղական ձողերով զինված մեծահասակները դպրոցի բակից հեռացրել են մոլագարին, որին այնուհետև ձերբակալել են ոստիկանները:
Դեպքը տեղի է ունեցել Հենան նահանգի Սինյան քաղաքում՝դեկտեմբերի 14-ին: Նշենք, որ հանցագործը Չենպեն գյուղից է:
Բարեբախտաբար, նա մահացու վնասվածքներ չի հասցրել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը տառապել է էպիլեպսիայով, իսկ աշխարհի վերջի մասին տեղեկությունները նրա հոգեկան աշխարհը շեղել են:
Դպրոցականների վրա հարձակումից առաջ չարագործը ներխուժել էր հարևանի տուն և մաչետեով վիրավորել տարեց մի կնոջ:







































