Երեկ Գորիսի հրապարակում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որը հսկել են մեծ թվով ոստիկաններ: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածները սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ:
Սաֆարյան հաստատեց, որ Խաչատրյանի նշանակման համար մարզում ստորագրահավաք է իրականացվում, ինչը, ռեկտորի խոսքերով, մարդուն իրավունքների կոպիտ խախտում է: «Մարդուն տանել ու ասել՝ ստորագրիր, դա հենց նրա իրավունքների վրա բռնանալ է: Տվյալ պարագայում մարդը չի կարող ազատ իր կարծիքը հայտնել, քանի որ փակ քվեարկություն չէ: Իսկ եթե բաց է, ու ինքը դեմ է, չի ուզում, որ Խաչատրյանը մարզպետ նշանակվի, ապա վախենում է՝ ստորագրի՞, թե՝ չէ: Չստորագրի՝ հնարավոր է գործից հանեն կամ մի ուրիշ բռնություն գործադրեն: Իսկ եթե ստորագրի, ապա իր սկզբունքներին է դեմ գնում»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ Գորիսի քաղաքապետն անձամբ է կազմակերպել ուսուցիչների, մանկապարտեզների վարիչների ստորագրահավաքը: «Հաստատ Գորիսի պետական համալսարանը ստորագրահավաք չի կազմակերպել և չի կազմակերպելու, քանի որ Կրթության մասին օրենքի համաձայն՝ կրթական հաստատություններում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքն չունեն»:
Մեր հարցին՝ եթե այսօր կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել։ «Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց, ամեն դեպքում, բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ»:








































