«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասուլիս էր հրավիրվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում 2012 թվականի հունվարի 19-ից գործող փոփոխություններից մեկի՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ: Ասուլիսը հրավիրվել էր Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահի իրավական հարցերով խորհրդական, իրավաբան Վրեժ Վասիլյանի նախաձեռնությամբ: Վերջինս ներկայացնում էր ոչ փաստաբան իրավաբանների դժգոհությունը վերոհիշյալ հոդվածի երրորդ կետի վերաբերյալ, որով սահմանվում է հետևյալը. «Սույն հոդվածով նախատեսված ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը»:
Ըստ Վ. Վասիլյանի՝ օրենքի այս դրույթով խախտվել են ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ ոչ փաստաբան իրավաբանների իրավունքները:
Իրավաբանի հետ բանավեճի էին հրավիրվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը, մասնավորապես, ասաց, թե 2004 թվականից գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ չէր թույլատրվում ոչ փաստաբաններին փաստաբանություն իրականացնել` որպես ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն չէր ստուգվում՝ ոչ փաստաբան իրավաբանները պարբերաբար կամ վճարովի հիմունքներո՞վ էին կատարում իրենց խորհրդատվությունները:
Իր փաստաբանական պրակտիկայից Ն. Բաղդասարյանը օրինակ բերեց, երբ մի կոշկակար ներգրավվել էր որպես պատասխանողի շահերի պաշտպան, իր վստահորդից իմացել էր բոլոր գաղտնիքները, ապա դարձել հայցվորի շահերի պաշտպանը: Նա հայտարարել էր, թե այդպես է փող աշխատում, և քանի որ օրենքի մեկ հոդվածի մեջ հստակ ձևակերպված չէր պահանջը, նրան ոչ մի պատիժ չէր հասնում:
Ըստ Ն. Բաղդասարյանի` այժմ կատարված փոփոխություններով այդ բացթողումն ուղղվել է: Դա արվել է քաղաքացիներին անբարեխիղճ մարդկանցից պաշտպանելու, նրանց իրավաբանական խորհրդատվությունը մասնագիտական ու որակյալ դարձնելու համար:
Կատարված փոփոխությունը բխում է մարդկանց շահերից և փակում է արկածախնդիրների մուտքը վճարովի ու պարբերաբար իրավապաշտպան գործունեություն իրականացնելու ոլորտ:
Վրեժ Վասիլյանի կարծիքով՝ ընդհակառակը, կատարված փոփոխությամբ սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները: Դրանով հաստատվում է փաստաբանների մենաշնորհային իրավունքը:
ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով մարդն իրավունք ունի իր իմացած ձևով պաշտպանվելու, այլընտրանքային իրավաբանական օգնություն ստանալու:
Մինչև կատարված փոփոխությունը` նոտարական մարմինները հաստատում էին իրավաբանի լիազորագիրը, և նա իրավունք էր ունենում բոլոր ատյաններում ներկայացնելու իր պաշտպանյալի շահերը: Հիմա ոչ փաստաբան իրավաբանները զրկված են այդ հնարավորությունից:
Անհատ ձեռներեցը, որ զբաղվում էր իրավաբանական օգնության տրամադրմամբ, ներկայումս չի կարողանում իրականացնել այդ գործունեությունը` մինչև փաստաբանական դպրոցում բարձր ուսման վարձով չսովորի:
Օրենքում կատարված փոփոխությունից իրավաբանների դժգոհության մասին Վ. Վասիլյանը գրել է հանրապետության նախագահին:
Հնչեցված տեսակետին ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, թե դպրոցում ուսման տևողությունը մեկ տարի է, վճարը իրավաբանական բուհերի տարեկան վճարից կրկնակի ցածր է՝ 400 հազար դրամ, իսկ դասախոսի մեկ ժամվա վարձատրությունը նույն բուհերի համեմատությամբ կրկնակի ավելի է՝ 8 հազար դրամ:
Ն. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դպրոցում տեսական գիտելիքներ չեն տրվում, դպրոցն իրավաբանական բուհի գործառույթ չի կատարում: Դպրոց կարող են ընդունվել միայն իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցողները և մեկ տարվա ուսման ընթացքում սովորել փաստաբանական աշխատանքի պրակտիկ հմտությունները: Բոլոր եվրոպական երկրներում կան փաստաբանական դպրոցներ:
Ինչ վերաբերում է մեր երկրում փաստաբանական մի քանի դպրոց բացելու հարցին, որպեսզի ներկա դպրոցը մենաշնորհ չունենա, ապա Ն. Բաղդասարյանի կարծիքով` դա նպատակահարմար կլիներ, եթե Հայաստանը մեծ երկիր լիներ, մեծ տարածություն ունենար: Մեր փոքրաչափ երկրում մի քանի դատավորական, դատախազական, փաստաբանական դպրոցներ բացելը պարզապես նպատակահարմար չի:
Ըստ Վ. Վասիլյանի՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված հիշյալ փոփոխության պատճառով իրավաբանական բուհ ավարտածները, աշխատանք չգտնելով, կսկսեն հեռանալ երկրից, արտագաղթողների թիվը կավելանա, որովհետև գործատուները կսկսեն աշխատանքի ընդունել միայն փաստաբանի որակավորում ունեցող իրավաբանների, որ դատարաններում իրենց շահերը ներկայացնելու հարցում խնդիրներ չունենան:
Ի պատասխան` Ն. Բաղդասարյանը ասաց, թե ձեռնարկություններում աշխատավարձով իրավաբան աշխատողները որևէ խնդիր չեն ունենա դատարաններում, օրենքը չի արգելում նրանց՝ ներկայացնելու իրենց ձեռնարկության շահերը, դրա համար ձեռնարկությունը նոր փաստաբան վարձելու կարիք չունի:
Այնուամենայնիվ, Վ. Վասիլյանի կարծիքով՝ օրենքի նշյալ փոփոխությամբ խախտվել են ՀՀ քաղաքացու աշխատանքային, կրթական իրավունքները: Պետությունը ծախսեր է կատարում, իրավաբանական կրթություն է տալիս իր քաղաքացիներին, իսկ նրանք մինչև փաստաբան չդառնան չեն կարող իրենց մասնագիտական գիտելիքներով աշխատանք գտնել:
Ըստ Վ. Վասիլյանի՝ փաստաբանական դպրոցում սովորելը պիտի լիներ կամավորական սկզբունքով, մարդը կարող է վճարունակ չլինել, ինքնուրույն նախապատրաստվել և արտոնագրի համար քննություն հանձնել:
Ն. Բաղդասարյանը հակադարձեց՝ եթե ուսուցումը թողնեին կամավորության սկզբունքով, ապա հայկական մենթալիտետի համաձայն` ոչ ոք չէր ցանկանա սովորել: Այդ դեպքում դպրոց բացելու անհրաժեշտություն էլ չէր լինի, դպրոցը չէր կարող գոյատևել, մինչդեռ այն կարևոր դեր է խաղում որակյալ փաստաբանների պատրաստման գործում:
Ն. Բաղդասարյանը հայտնեց նաև, որ ՌԴ նախագահը օրինագիծ է ներկայացրել Դումա, որ Ռուսաստանում միայն փաստաբաններն իրականացնեն իրավապաշտպան վճարովի գործունեություն:
ՀՀ օրենքով՝ անվճար ու ոչ պարբերաբար իրավապաշտպան գործունեություն կարող է իրականացնել ցանկացած ոք, բայց եթե մարդը վճարովի հիմունքներով է պայմանագիր կնքում քաղաքացու հետ, պիտի արտոնագիր ստանա, ենթարկվի փաստաբանների վարքականոնների պահանջներին:
Միայն այդ դեպքում է հնարավոր մեր քաղաքացիներին զերծ պահել խարդախներից, ոչ մասնագետ պատահական արկածախնդիրներից:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնեց, թե քննարկվող հարցում ինքը միջանկյալ դիրք է գրավում Վասիլյանի ու Բաղդասարյանի միջև: Նրա կարծիքով՝ նշված փոփոխությունն ընդունելով՝ մի փոքր շտապել էին, քանի որ Հայաստանում ընդամենը 1300 փաստաբան կա, իսկ դա բավարար չէ ՀՀ քաղաքացիներին ժամանակին ու որակով փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Հայաստանում կան այնպիսի իրավապաշտպաններ, որոնք փաստաբան չլինելով՝ շատ փաստաբաններից ավելի արդյունավետ գործունեություն են ծավալում:
ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ քաղաքացին ունի որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Եթե անձը փաստաբան է, կան մի շարք ֆիլտրեր՝ նրան «դաշտում» պահելու, վերահսկելու համար: Երբ այդ խողովակը բացվում է բոլոր ցանկացողների համար, խնդիրներ են առաջանում անբարեխիղճ մարդկանց պատճառով, ովքեր «ներկայացնելով» մարդկանց շահերը՝ կարող են ամեն ինչ փչացնել, գործը հանգեցնել նրան, որ մարդը զրկվի իր սեփականությունից:
Ըստ Գ. Գյոզալյանի՝ այսօր Հայաստանը դեռ իրավական պետություն չի դարձել: Որպեսզի օր առաջ մեր երկիրը դառնա իրավական պետություն, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն, այդ թվում՝ այն իրավապաշտպանների ներուժը, որոնք փաստաբան չեն, բայց ոլորտում ահռելի գործ են անում, օրինակ՝ Արտակ Զեյնալյանը: Այս մարդկանց մուտքը փակելն այսօր սխալ է: Ճիշտ կլիներ նման փոփոխությունն ընդունել երկու-երեք տարի անց, երբ Հայաստանում փաստաբանների թիվը կհասներ, ասենք, հինգ հազարի:
Ն. Բաղդասարյանը պատասխանեց, որ օրենքը միմիայն պաշտպանում է մեր քաղաքացիների իրավունքները: Հայաստանը ամեն տասը հազար քաղաքացուն ընկնող փաստաբանների թվով հետ չի մնում եվրոպական երկրներից:
Գ. Գյոզալյանը նշեց, որ փաստաբանական դպրոցը ունակ է տալու ոչ միայն լավ մասնագետներ, այլև բարոյական առումով լավ իրավաբաններ: Բոլորը պետք է հիշեն, որ փաստաբանությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, հետո միայն՝ բիզնես:
Ն. Բաղդասարյանը փաստաբանական դպրոցի մենաշնորհային դիրքի մասին ասաց, թե դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունի, այսինքն՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ըստ նրա՝ օրենքում կատարված հիշյալ փոփոխությունն անհրաժեշտություն էր, դրա շնորհիվ փակվել է «դաշտ» սողոսկող անբարեխիղճ մարդկանց սողանցքը:










































